Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամենամեծ արդյունքը ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի համար ակնկալելի էր: Այսօր «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Մինասյանն ասաց, որ իր ակնկալիքն էր` կունենանք անաչառ ընտրություններ, որոնք կասկածի տեղիք չեն տա: Իշխող եւ ընտրություններում բացարձակ հաղթանակ գրանցած ուժի ներկայացուցիչը կարծում է, որ ընտրացուցակներն ապահովում էին հասարակական լայն շերտերի ներկայացվածությունը եւ մասնակցությունն ընտրական գործընթացին:
Ակնկալիքների իրականացմանը զուգահեռ, Գագիկ Մինասյանի համար նաեւ անակնկալներ են եղել անցած ընտրություններում` հանրության ակտիվ մասնակցությունը: Նկատի ունենալով մարդկանց հիասթափությունը քաղաքական ուժերի նկատմամբ, Գագիկ Մինասյանը անակնկալի է եկել ընտրողների աննախադեպ մասնակցությունից: Հիշեցնենք, ընտրողների ավելի քան 60 տոկոսը մասնակցեց այս ընտրություններին: «Սա եւս խոսում է այն մասին, որ ընտրությունները ոչ ոքի անտարբեր չթողեցին»,- ասաց բանախոսը` հավելելով. «Փառք Աստծո, մեր ԸՕ-ն իր բազմաթիվ դրական դրսեւորումներից բացի, ունի եւս մեկը`ընտրածների ցուցակների հրապարակումը, որը վերջ է դնում մահացածների, Հայաստանից բացակայողների քվեարկության մասին խոսակցություններին»:
Սա, նաեւ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը, նա համարում է «4+4+4» ձեւաչափի կարեւոր ձեռքբերումներից:
Ընտրություններում երրորդ ձեռքբերումը համարում է այն, որ բացառվում էր, որպեսզի որեւէ մեկը վերահսկեր, թե տվյալ ընտրողն ո՞ւմ է տվել իր քվեն:
Կարդացեք նաև
Ի տարբերություն իր այլ կուսակիցների, ընտրություններում գումար բաժանելը Գագիկ Մինասյանը անթույլատրելի, դատապարտելի երեւույթ է համարում: Բայց, ասում է, որ բաժանված գումարները չի կարելի ընտրակաշառք համարել, քանի որ ոչ ոք չի կարողացել վերահսկել, թե ի վերջո ո՞ւմ օգտին քվեարկեց անձն, ով վերցրել է գումարը: Լրագրողները նկատեցին, որ եվրոպացի դիտորդները եւս ընդգծեցին, որ ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե չլիներ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի կիրառումը, կուսակցությունների միջամտությունը: Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Սա շատ մեծ քայլ առաջ էր, դա փաստում են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք անհրաժեշտ շեմը չեն հաղթահարել: Դա չտեսնելը, ես միտում կարող եմ համարել: Թերություններ եղել են, բայց դրանք չէին ստվերում գործընթացը: Մեր գերխնդիրը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն էր, որն իրականացավ: Համենայնդեպս, այդ տեսակետը չեն վիճարկում գոնե այն 9 քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»:
Բանախոսը հասարակության նվաճում է համարում նաեւ այն, որ հետընտրական զարգացումներ չծավալվեցին փողոցում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ