Ապրիլ ամիսը տարբեր ընկալումներ և զգացումներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ:
2016թ. ապրիլի քառօրյա պատերազմը դժբախտացրեց մեր հայրենակիցների օջախները՝ 100-ից ավելի զոհեր և շուրջ 200 հաշմանդամ երիտասարդներ: Այդ ընտանիքներին այսուհետ որևէ կարգախոսով չես գոտեպնդի…:
2017թ. ապրիլի 2-ը նշանավորվեց օրվա իշխանության վերարտադրության թռիչքաձև հաղթանակով:
Այս վերարտադրության կարգախոսն էր՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Բնականաբար հարց է ծագում՝ արդյո՞ք անվտանգության հիմնահարցը անկախացումից քառորդ դար անց պետք է դառնար իշխանության կարգախոսը: Իսկ գուցե այն ընտրվեց քառօրյա պատերազմում զոհեր և հաշմանդամներ ունենալուց և 800 հեկտար տարածք կորցնելուց հետո միայն:
Կարդացեք նաև
Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, արտաքին պարտքը՝ այս ամենն իրենց վրա են վերցրել երկրի քաղաքացիների գերակշռող մասը, իսկ օրվա իշխանությունը առաջընթացի կարգախոսով դեռ փորձում է նոր թռիչքներ անել:
Հավանաբար այդ առաջընթացը վերաբերվում է նրանց, ովքեր ԱԺ-ի նորընտիր խորհրդարանում կունենան բազկաթոռներ, քարտուղարուհիներ, լյուքս դասի ավտոմեքենաներ, թիկնապահներ և ամենից կարևորը՝ անձեռնմխելիություն:
Նրանք, ովքեր լուրջ գումարներ ծախսեցին նախընտրական մրցապայքարում և դուրս մնացին ԱԺ-ից, դժվար թե սրտամոտ ընդունեն օրվա իշխանության «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ