Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ գրանցած Հանրապետական կուսակցությունը ստացավ հնարավորություն՝ ձեւավորելու նոր կառավարություն։ Ընդ որում՝ ՀՀԿ-ն դա կարող է անել առանց որեւէ այլ քաղաքական ուժի հետ կոալիցիոն համաձայնության։ Հանրապետականի ստացած մանդատները լիովին բավարար են դրա համար։
Այս անգամ եւս ՀՀԿ-ն կգնա՞ գործադիր մարմնի կազմում նաեւ այլ քաղաքական ուժերի ընդգրկման ճանապարհով, թե՞ միայնակ կստանձնի կառավարության գործունեության պատասխանատվությունը, ցույց կտա ժամանակը։
Ասենք, որ վերջին երկու կառավարություններին կոալիցիոն սկզբունքով մասնակցում է նաեւ ՀՅԴ-ն, որն ունի երեք նախարարական պորտֆել։
Գործադիրի առաջիկա նիստում Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը։ Չնայած դրան, գործադիր մարմնի նոր ղեկավարի անունը հայտնի է։ Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ կառավարություն կազմելու հնարավորություն ստանալու դեպքում այն շարունակելու է գլխավորել Կարեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի, հիմնականում կպահպանվի նաեւ կառավարության կազմը։ Իհարկե, դա չի նշանակում, թե գործադիր մարմնում փոփոխություններ չեն կատարվի։
Ընդ որում՝ դա պայմանավորված կլինի ինչպես Դաշնակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ կոալիցիոն համաձայնությամբ, այնպես էլ այլ գործոններով։ Չնայած գործող կառավարությունն ընդամենը կես տարի է աշխատել, այնուհանդերձ Կ.Կարապետյանը մի քանի անգամ ակնարկել է, որ որոշ նախարարներ չեն բավարարել իր սպասելիքները։ Ուստի չի բացառվում, որ նրանք այլեւս չլինեն նոր կառավարության կազմում։ Շրջանառվում են նաեւ կոնկրետ անուններ, բայց այս պահին վաղաժամ է այդ մասին խոսելը։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում