Հելսինկիում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ տարբեր մրցաձեւերում չեմպիոնների ու մեդալների համար պայքարից բացի մասնակիցները վիճարկում էին նաեւ 2018 թվականին Փխենյանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Ամփոփելով մենասահորդներ Անաստասիա Գալուստյանի, Սլավիկ Հայրապետյանի, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենակալի մրցելույթները Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, թեեւ մեր մարզիկները վարկանիշ չնվաճեցին, ընդհանուր առմամբ գոհ է մասնակցությունից: Նա ՀԱՕԿ լրատվականին ասել է, որ ուղեգիր նվաճելուն ամենից մոտ է Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրից հետո մտավ եզրափակիչ, սակայն մեծապես խանգարել է հոգեբանական ճնշվածությունը: Նրա խոսքերով, Անաստասիան ընդհանուր առմամբ վատ հանդես չի եկել, սակայն եթե նա մի փոքր ավելի անկաշկանդ սահեր, անշուշտ կկարողանար տեղ զբաղեցնել Փխենյան մեկնելու իրավունք ստացողների շարքում:
Տիկին Ստեփանյանի խոսքերով, Սլավիկ Հայրապետյանը նույնպես նորմալ է կատարել ծրագիրը՝ 3,5 պտույտով ցատկով, բայց ձախողել է համալիր ցատկերը: Տղամարդկանց մենասահքում պայքարը շատ սուր է, արդեն բոլորը չորս պտույտանոց ցատկեր են կատարում:
Իսկ Թինա Կարապետյան-Սիմոն Պրու-Սենեկալ զույգի հետ կապված ֆեդերացիայի նախագահն ասել է, թե նրանք կարճ ժամանակ է, ինչ միասին են սահում եւ դեռ ժամանակ է հարկավոր նրանց աճելու համար: Բայց օլիմպիական վարկանիշի համար պայքարելու հեռանկարի նպատակով խորհուրդ է տվել փոխել մարզիչ Շոն Ուինթերին, որը թեեւ Կանադայի բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մարզիչներից մեկն է, սակայն ժամանակները փոխվում են:
Կարդացեք նաև
Ֆեդերացիայի նախագահը նշել է նաեւ, որ հայ գեղասահորդները վարկանիշի համար եւս մեկ՝ վերջին, հնարավորությունն ունեն: Դա լինելու է Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը: Սակայն դեռ վերջնականապես հայտնի չէ, թե այնտեղ դրա համար ինչ տեղեր պետք է զբաղեցնել. հավանաբար, 5-6-րդ:
Մելանյա Ստեփանյանն ասել է, թե անկախ բոլոր դժվարություններից, իրենք պայքարելու են մինչեւ վերջ: Գեղասահորդները մեկնել են տուն. Նաստյան՝ Մոսկվա, Թինան եւ Սիմոնը՝ Կանադա, իսկ Սլավիկը Ադլերում է եւ այնտեղ շարունակելու է մարզումները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
05,04.2017