Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք բոլորս ճգնաժամի մաս ենք

Ապրիլ 05,2017 10:04

Ես, ճիշտն ասած, այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու են խորհրդարան չանցած կամ ընտրություններին չմասնակցած ընդդիմադիր որոշ կուսակցություններ այդքան ընկճված: Ինչո՞ւ են նրանք թիրախ ընտրել ոչ այնքան ՀՀԿ-ին, որքան «Ելքին» (որը «հանդգնություն ունեցավ» ԱԺ-ում ունենալ մի քանի պատգամավոր) եւ… ՀՀ քաղաքացիներին (որոնք այնքան «ծախված» դուրս եկան, որ հօգուտ իրենց չքվեարկեցին): Առաջին «դժգոհության» վերաբերյալ թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ է, ավելի լավ կլիներ, որ խորհրդարանն ամբողջությամբ բաղկացած լիներ ՀՀԿ-ԲՀԿ-ի՞ց, այդ դեպքում ձեր սիրտը կհովանա՞ր:

Երկրորդ հարցն, իհարկե, ավելի բարդ է, որովհետեւ խնդիրը չի սահմանափակվում զուտ ընտրություններով. պարզապես դրանք եւս մեկ անգամ ակնհայտ դարձրին խոր հոգեւոր ճգնաժամը, որը մենք ապրում ենք: Բայց այնպես չէ, որ ճգնաժամը մի տեղ է՝ ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում, իսկ ահա մենք «բարձունքներում» ենք եւ կարող ենք այնտեղից քննադատական կամ ծաղրական բառեր հնչեցնել: Մենք էլ ենք այդ ճգնաժամի մասը: Ասելով «մենք»՝ ես նկատի ունեմ պետական, քաղաքական եւ հասարակական ինստիտուտները, այդ թվում՝ կուսակցություններն ու լրատվամիջոցները: Եվ եթե մեծամասնությունը մեզ չի հավատում եւ հավատում է Ավետիք Իսահակյանի նկարով թղթերին, ապա դա որքան չհավատացողների, այնքան էլ մեր խնդիրն է:

Այդ տարրական վերլուծությունը չանելով` կուսակցությունների մի մասը սկսեց «աբիժնիկական» հայտարարություններ անել: Բայց եկեք, ի վերջո, հասկանանք, թե ինչու է մեր բնակչության մեծ մասը դիմել այդ, կարելի է ասել, «դեմարշին»: Պատճառներից մեկը պարզ հաշվարկն է: Պողոսն առաջարկում է 10 հազար դրամ. Պետրոսը խոստանում է 5 տարվա ընթացքում ամեն տարի աշխատավարձը բարձրացնել 100 հազար դրամով: Հաշվի առնելով, որ ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի նկատմամբ որեւէ վստահություն չկա, շատ տրամաբանական է «նաղդը» վերցնել եւ 5 տարով մոռանալ երկուսին էլ:
Իհարկե, դրան գումարվում են ֆեոդալական ավանդույթները, պետության վրա թքած ունենալը, պետության օրենքները որպես ինչ-որ խանգարող հանգամանք դիտարկելը: Բայց մենք ի՞նչ ենք անում, որ մարդկանց այդ մտածելակերպը փոխվի: Փառաբանում ենք զինված քաղաքական պայքարը: Խոստանում ենք շեյխերի կամ «կարմիր Չինաստանի» միջոցով միլիարդներ բերել: Կոչ ենք անում վերացնել արագաչափերը: Այդ հոսանքին տրվելով՝ ցանկանում ենք, որ լյումպենները քաղաքացի՞ դառնան: Նման բան հնարավոր չէ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Ավետիք Իսահակյանի միայն այս բառերը`”Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով”, բավական են, որ նրա նկարով կամայական թուղթ ավելի մեծ արժեք ունենա, քան արդի ամբողջ ընտրազավեշտը: Հարգելի խմբագիր, այն բարդ “կոնստրուկցիաները”, որոնք դուք կառուցում եք ձեր հոդվածներում, խառնում են բոլոր հարցերն իրար հետ: Դա անում են այն դեպքերում, երբ չեն կարողանում տարբերակել իրարից “թացն ու չորը”:Օրինակ, “Ելք”-մնացած ընդդիմություն հարաբերությունը`ինչը բավականին ողորմելի թեմա է, և “ծախված” քաղաքացիները`ինչը մեր ողբերգությունն է, խառնել իրար մի նախադասությամն մեջ:

  2. Ruben says:

    Ներդրողների տնտեսական շահերի պաշտպանություն պետական ծրագրի, ազգային ֆոնդային շուկաի զարգացման միասնական հայեցակարգի բացակայությունը, Կենտրոնական բանկի ապազգային (օտար) գոյությունն ու գործունեությունը՝ նպաստում է Լյումպենստանի «բարգավաճմանը»: Հանրապետության մի մասը վաճառվել է, մի մասը վարձով տրվել, մեծ մասն էլ գրավ դրվել:
    Վերջին կաթիլը Սեւանա լիճն է:

  3. Հ.Շ. says:

    Արդարեւ, այս ընտրութիւներու առիթով, ժողովուրդը այպանելը նորութիւն է… Իսկ այն պահին որ ինքզինք քաղաքական նկատող որեւէ անձ կամ կազմակերպութիւն կը սկսի հանդիմանել, արհամարհել ժողովուրդը, արդէն նա քաղաքականութից դուրս եկած է – կամ ել փաստում է որ միշտ ել բան չէր հասկանար – :

    Նախ, ո՞վ ճշգրիտ կերպով գիտէ թէ ճիշդ ի՞նչ է տոկոսը այն քուէներուն որոնք ընտրական արկղին մէջ տեղաւորուեցան շնորհիւ «Ավետիք Իսահակյանի նկարով թղթերին»… Ամէն մարդ իր խելապատիկէն կարող է մի երեւակայական տոկոս վերագրել այդ տեսակի քուէներին: Հաւանականութիւնը այն է սակայն թէ այդ քուէների թիւը յարաբերաբար նշանակալից չէ, նկատի ունենալով ընդհանուր արդիւնքները:

    Սակայն ինչ որ ալ լինի իսկական թիւը այն քաղաքացիներին որոնք գումարի դիմաց իրենց քուէն տուին իշխող կուսակցութեան, այդ երեւոյթը կը փաստէ մի այլ բան՝ թէ իշխանութեան դէմ արտայայտուող, բացարձակ ատելութեամբ լի գանգատները, անէծքներն ու ծայրագոյն զայրոյթը, լոկ բանաւոր չափազանցութիւններ են, դատարկ խօսքեր են, այո մի քիչ «սիրտը հովացնելու» համար, մինչ երբ որ գայ պահը քուէ տալու, յատկապէս գիտակցելով այլընտրանքների աղետալի իրականութեան, 10000 դրամը բաւարար է մեղմացնելու համար հակա-պետական այդ ցասումը:

    Իսկ ամէն դէպքում, այս ուղղութեամբ, Ապստամբութեան քարոզիչների «յուսախաբութիւնը» զարմանալի է, եւ փաստում է անգամ մը եւս թէ անոնք delusional են, չասելու համար ուրիշ բաներ:

    Տարիներէ ի վեր, իրենց համար լաւագոյն պարագային, իրենց խելքով՝ ամենաճակատագրական պահերին անգամ, մի քանի հազարից աւելի քաղաքացիներ չկարողացան փողոց իջեցնել, ե այդ ալ միայն երկրի մէկ քաղաքին մի քանի փողոցներում: Մնացեալ ժամանակը, երբ անհեթեթ հարթակների վերեւից տեւաբար կը յայտէին Պետութեան կառոյցների խիստ մօտալուտ ջլատումը, յաճախ քսան-երեսուն ցուցարար չկար իրենց առջեւ:

    «Հասարակական ինստիտուտները», ժողովուրդը դաստիարակելէ առաջ, լաւ կ’ընեն մի քիչ խելք հասկցնել այլազան ոլորտներում երկիրը թունաւորել փորձող – բայց հիմնականօրէն միայն իրենք իրենց խայտառակող – «արմատական գործիչներին»:

    Հայ ժողովուրդը ունի մի առողջ «ջիղ», դարերի ծանր փորձառութեամբ հաստատուած ողջամտութիւն, խորունկ common sense, բնազդային խելացիութիւն, եւ նա ճիշդ պահին գիտէ ճիշդ որոշումը առնել: Այս կացութեան մէջ, 10000 դրամը, մէկ ու կէս միլիոնի վրայ մի քանի հազար քուէարկողների համար ալ պարզապէս պատեհ bonus մըն է:

    Շնորհաւորութիւն «Ելք»ին, եւ բարի երթ՝ դէպի Պետութեան կառուցման եւ երկրի վերելքի յաջորդ հանգրուանները:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանցիներդ ինքնախաբեությամբ եք զբաղված: Քանի դեռ Ռուսաստանն է կառավարում Հայաստանը, Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ չեն լինելու,որովհետև Ռուսաստանն ինքը կլանա-օլիգարխային բռնապետություն է: Հայաստանը նախ Ռուսաստանի գաղութացումի՛ց պիտի ազատագրվի:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ հայաստանցի «ընտրողների» 90 %-ը ուղղակի … է (բառը չեմ գրում,որ կոմենտս տպագրվի): Կարող էին չէ՞ ընտրակաշառք վերցնել ու գոնե գնալ դրանց չընտրել: Բա ապրիլյան պատերազմը դաս չեղա՞վ: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. ամենաառաջի՛ն մեղավորը հայաստանցի ընտրողն է:

  6. henri says:

    Վերջնականապէս համոզուեցայ որ մենք ԸՆՏՐՈՒԹԻՒՆ կատառելու հաունութիւն չունինք:
    Ափսոս եղած ծախսերուն- լոյս տեսնող թերթերուն-ֆոլքլորիք հայ և օտար դիտորդներուն
    մեր գլուխները արդուկող հեռատեսիլային ելոյթներուն,թատերական վէճերուն- փողոցային
    կռիւներուն – նոյնիսկ ափսոս հայհոյանքներուն և պնակալէզութիւններուն -քանի ունինք նախագահ մը և իրեն մակարդակի խօսնակ մը որ 8000 Հկ-ը 200 մեթր կը տեսնեն և քանի
    մը օր ետք կը մոռնան նոյնիսկ իրենց ըսածը – – – եկէք խնայենք այս ամէնը, ցկեանս ընտրենք
    մեր նախագահը որ դիւանագէտի բոլոր յատկութիւններն ունի – որ տարիներու փորձառութիւն ունի- նոր սերունդները խաղաղ կ՝ապրին- կրնայ ըլլալ որ հիները շարունակեն գաղթել-բայց նորերը ուրախ են-ամէն օր կրնան երգել,պարել,սիրաբանել՝ բոլոր սրահները իրենց են,,կ՝ունենանք Փինոքքիոյի խաղալիքներու երկիր մը ուր /ֆրանսացին պիտի ըսէր՝/
    “Tout le monde il est beau , tout le monde il est gentil ” !

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930