Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե էֆթանազիան օրինականացնենք, մարդու օրգանների առուծախը կծաղկի

Ապրիլ 05,2017 14:00

էֆթանազիան ներդնել-չներդնելու մասին հակասական կարծիքներ մեր երկրում էլ կան: Այն գթասրտությունից մղված սպանություն է կամ, այլ կերպ ասած, գործողություն, որը կհանգեցնի արագ ու անցավ մահվան: Բավականին լուրջ, շատ ծանր հոգեբանական այս երեւույթին անգամ մասնագետներն են դժվարանում միօրինակ գնահատական տալ:
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Դավթյանը կարծում է, որ բիոէթիկայի մեջ չկա մի հարց, որ չունենա իր կողմնակիցներն ու հակառակորդները, եւ էֆթանազիան էլ նման երեւույթ է. «Սա այնպիսի հարց է, որ չի կարող լուծվել միայն բժիշկների, փիլիսոփաների, կենսաբանների կամ հոգեբանների միջոցով: Այդ բոլորի ուժերը պիտի համախմբել եւ հաշվի առնել տվյալ ազգի հոգեկերտվածքը, ավանդույթներն ու սոցիալ-տնտեսական վիճակը: Այսօր մեր Հայաստանը գտնվում է էֆթանազիայի պասիվ վիճակում»:

Սուսաննա Դավթյանը շատ ուրախ է, որ բավական անկատար օրենքների կողքին տեսնում է նաեւ էֆթանազիայի մասին օրենքը. «1996թ.-ին Ազգային ժողովը հիանալի հոդված ընդունեց այն մասին, որ դատապարտելի է Հայաստանի Հանրապետությունում մահն արագացնել, եւ փառք Աստծու, որ նման օրենք ունենք»: Խոսել էֆթանազիայի մասին եւ չանդրադառնալ կամ շրջանցել Սահմանադրության 24-րդ հոդվածը` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, թերեւս, չենք կարող: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանի կարծիքով՝ օրենքի մի շարք ձեւակերպումներ, ըստ էության, չեն թողնում Հայաստանում ընդունել էֆթանազիան. «Օրենքում ասվում է, որ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ինչպես նաեւ դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Ստացվում է, որ կյանքի իրավունքի հոդվածը կյանքից զրկելու սահմանափակում չի նախատեսում: Ինչպես գիտենք, Սահմանադրությունը ունի 76-րդ հոդվածը, որը մարդու հիմնական իրավունքների համար որոշակի սահմանափակումներ նախատեսում է, բայց դրանք շատ խիստ են, եւ պետք է պահանջի իրավիճակը, լինի արտակարգ կամ ռազմական դրություն, հակառակ դեպքում այդ իրավիճակը սահմանափակման ենթակա չէ, եւ հենց այս ձեւակերպումն է, որ չի թողնում Հայաստանում ունենալ օրենսդրական կարգավորումներ կյանքից զրկելու»:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկ Իրինա Մալխասյանը կտրականապես մերժում է էֆթանազիա երեւույթը. «Լինեմ շատ լակոնիկ. ես դեմ եմ այդ երեւույթին, ոչ ոք իրավունք չունի խլել մարդու կյանքը»: Մեր այն հարցին, թե արդյոք չե՞ն եղել դեպքեր, որ հիվանդը կամ իր հարազատները խնդրեն իրեն այդ քայլին գնալ, բժիշկ Մալխասյանը պատասխանեց. «Եղել են, հիմա էլ կա մի հիվանդ, ում հարազատներն արդեն երկու շաբաթ է՝ մեզ այդ խնդրանքով մոտենում են, բայց թե՛ ես, թե՛ աշխատակիցներս երբեք այդ քայլին չենք գնա»:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Էմմա Արզիեւեան երեւույթը դիտարկեց հոգեբանական տեսանկյունից. «Յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից ունի ընտրության հնարավորություն, որն առավել ընդգծված է դարձնում նրա անհատականությունը։ Կարող ենք ասել, որ ամեն պահի մարդը բախվում է այդ ընտրության հետ՝ թեթեւացնելով կամ ծանրացնելով իր կյանքի ճանապարհը։ Եթե անձը գտնվում է կյանքի ու մահվան կիզակետում, հոգեկան ու ֆիզիկական տառապանքները գնալով խորանում են, նա կարող է ու իրավունք ունի այդ ընտրությունը կատարելու՝ մահանալ հեշտ ու անցավ ճանապարհով՝ չնայած որ այդ ընտրությունն, անխոս, իր դրդապատճառներն ունի։ Որոշ դեպքերում դա ոչ թե իմ կողմից նշված՝ գնալով ուժգնացող ֆիզիկական ցավերն են, այլ հոգեկան աններդաշնակությունը, երբ անձնավորությունն իրեն միգուցե եւ որպես բեռ է զգում, որ տառապանք ու հոգս է պատճառում իր հարազատներին։ Այս դեպքում ես խոսեցի այն հիվանդների մասին, որոնք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել՝ շարունակել ապրել, թե «հանգիստ» մահանալ։ Սակայն կան դեպքեր, երբ այդ որոշումն էլ չկա, հիվանդն ուղղակի անընդունակ է որեւէ բան ասել։ Այս պարագայում առաջատար է դառնում հարազատների դերը։ Շատ դժվար եւ անհասկանալի որոշում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ընտրելով էֆթանազիայի ճանապարհը՝ դու արդյո՞ք բարություն ես անում քո հարազատի համար, ազատո՞ւմ ես նրան չարչարանքներից։ Կարող է առաջանալ սուր մեղքի զգացում, սխալ ընտրություն կատարելու կպչուն միտք։ Կարելի է ասել, որ դու դիմացինիդ ճակատագիրն ես որոշում։ Բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է հիշել նաեւ հրաշքների մասին, որոնք իսկապես լինում են»։

Քրիստոնեությունը նույնպես մերժում է էֆթանազիայի կողմնակիցների տեսությունը: Էֆթանազիայի արդարացման գթասրտության փաստարկը հաճախ կարող է կեղծվել թե՛ հիվանդի հարազատների, թե՛ բժիշկների կողմից. «Բժիշկը եւ առհասարակ որեւէ մեկն ավելի գթասիրտ չէ, քան նա, ով մարդկային էակին է արարել: Աստված մարդուն կյանք է տվել, եւ նա էլ կանխորոշված ժամկետում այն նրանից վերցնում է»,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Այսօր մի շարք երկրներում ընդունված է էֆթանազիան, բայց ըստ մեր Սահմանադրության «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում արգելվում է էֆթանազիան: Իրավաբանն այս հարցին տալիս է հետեւյալ պարզաբանումը. «Մի կողմից՝ իհարկե, հիվանդի իրավունքներն ու այդ ցավից ազատ լինելու խնդիրն է, մյուս կողմից էլ` ինչքանով է պետությունը կարողանալու ապահովել, որ կամայականություններ չլինեն, որովհետեւ մենք լավ հասկանում ենք, որ կարող են լինել անվերահսկելի դեպքեր եւ բժշկական սխալներ. ոչ մեկը ապահովագրված չէ սխալ գործելուց, հետեւաբար որքանո՞վ ճիշտ կլինի որակել դա էֆթանազիայի դեպք: Այդ իսկ պատճառով շատ երկրներ նախընտրում են բացարձակ չընդունել այն, որ կամայականության վերահսկման խնդրի հետ էլ չբախվեն»:

Սուսաննա Դավթյանն էլ իր հերթին նշեց, թե ինչու Հայաստանը չի կարող ընդունել էֆթանազիան. «Այսօր այն Հայաստանը, որը զարգացած արդյունաբերական երկիր էր, հիմա զարգացողների շարքն է լրացնում: ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով՝ Զիմբաբվեի, Մոզամբիկի, Տաիկի կողքին մի համերաշխ քառյակ ենք ստեղծել եւ վերջում նստել ենք: Իսկ որպես զարգացող երկիր` շատ երկրներից գալիս են եւ կարող են էժան գնով փոխպատվաստման համար որեւէ օրգան վերցնել, տանել՝ շան մսի գնով, պատկերացնում եք` ինչքան աղքատության մեջ գտնվող բնակչություն ունենք, որոնք պատրաստ են, օրինակ, վաճառել իրենց մի երիկամը, եւ դա կդառնա ահավոր չարաշահումների աղբյուր, եթե մենք հանկարծ անմտածված քայլ անենք եւ օրինականացնենք էֆթանազիան: Ես մեծ հույս ունեմ, որ այսօրվա սերունդը մեզ նորից կբարձրացնի այն կետին, որտեղ առաջ էինք»:

Այն հարցին, թե ո՞րն է ճիշտ՝ մշտական տանջանքներով եւ տառապանքներով լի կյա՞նքը, թե՞ անցավ մահը, եղան տարբեր պատասխաններ:
Քաղաքացիների շրջանում այս հարցի վերաբերյալ փոքրիկ հարցում անցկացրինք:
«Ես միանշանակ պատասխան տալ չեմ կարող, եթե մարդ նման իրավիճակում հայտնվի, չի թողնի եւ չի ցանկանա իր կամ հարազատի կյանքն ընդհատել: Դրա համար էլ այլ բան է` դու ինչ որոշում կկայացնես, եւ այլ բան է` դու ինչպես ես մտածում այդ երեւույթի մասին»,- նկատեց մեր զրուցակիցներից մեկը:

Հարցվողներից ոմանք էլ կարծում էին, որ իրենց պարագայում կդիմեն այդ քայլին, բայց հարազատի կյանքն ընդհատելու մասին որոշում կայացնել անկարող են. «Ես պատրաստ չեմ նման քայլի գնալ եւ զրկել մարդուն կյանքից: Եթե ես ծանր հիվանդ լինեմ, օրինակ՝ 84 տարեկանում զգամ, որ բանի պետք չեմ, ապա կդիմեմ, այո, մարդկանց պետք է տրամադրել եւ հասկացնել, որ ընդունելի երեւույթ է էֆթանազիան»:

Օրենքն ու էթիկան դեմ են էֆթանազիա երեւույթին, սակայն դա չի հերքում այն հանգամանքը, որ ՀՀ-ում նույնպես էֆթանազիայի միջոցով մահվան ելքեր ունենում ենք, պարզապես ելնելով էթիկական եւ սահմանադրական նորմերից՝ խիստ գաղտնի են պահվում:

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930