Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի առարկա դիտարկվել է միայն 1.000 ԱՄՆ դոլարը, մնացածը` բիժուն եւ քաղցրավենիքը՝ ոչ

Ապրիլ 05,2017 13:30

Դատական դեպարտամենտի նախկին պետի ռեժիմն է փոխվել

Վերաքննիչ քրեական դատարանի շենք մտնելիս տեսանք ՀՀ դատական դեպարտամենտի նախկին պատասխանատու Միսակ Մարտիրոսյանին, որը 2013թ. նոյեմբերի 14-ից գտնվում է նախնական կալանքի տակ: Նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Միսակ Մարտիրոսյանի ռեժիմն է փոխվել. նա մինչ երեկո դրսում է, ապա երեկոյից մինչ առավոտ կրկին քրեակատարողական հիմնարկում: Դատավճռից հետո Միսակ Մարտիրոսյանը դիմեց դատական տարբեր ատյաններ՝ իր նկատմամբ կայացրած դատական ակտի դեմ, հանդես եկավ «Առավոտ» լրատվամիջոցում՝ հանցագործության մասին հաղորդմամբ:
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, լսվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 19.01.2017թ. որոշման դեմ նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով նրա բողոքը:

Մ. Մարտիրոսյանը մինչ վերաքննիչ դատարանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Հ. Մուշեղյանի 27.06.2016թ. քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դավթյանի 19.07.2016թ. բողոքը մերժելու որոշման դեմ: Դատարանը 19.01.2017թ. որոշել էր «դիմողի կողմից ներկայացված բողոքը մերժել՝ վիճարկվող որոշումներն իրավաչափ համարելու հիմքով»:

Պետք է նշել, որ թե առաջին ատյանում, թե վերաքննիչ քրեական դատարանում Մ. Մարտիրոսյանն ինքնուրույն է ներկայացնում իր շահերը, չունի պաշտպան, ներկայացուցիչ:

Միսակ Մարտիրոսյանն ասաց, որ 10.06.2016թ. կատարված հանցագործությունների մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ հայտնելով, որ «Թիվ ԵԿԴ/0123/01/14 քրեական գործով ինձ առաջադրվել են կեղծ եւ շինծու մեղադրանքներ, քննիչների եւ դատախազների կողմից կատարվել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ»:

Նա մեջբերեց իր եւ քննիչի միջեւ տեղի ունեցած հարցաքննությունը:
Նա հարցաքննվել էր որպես կասկածյալ. «Քրեական գործով նախաքննության ընթացքում Անգին Ղուկասյանը ցուցմունք է տվել, որ Ձեր հետ 2010թ. ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2010թ. հուլիսին Միքայել Ստեփանյանին Լոռու մարզի դատարանի աշխատակազմում պաշտոնի նշանակելու համար Ձեր աշխատասենյակում Ձեզ առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որպես կաշառք, որից հետո Մ. Ստեփանյանը նշանակվել է Լոռու մարզի դատարանի աշխատակազմում գործավարի պաշտոնին եւ աշխատել մինչեւ 2012 թվականը»:

Ըստ Մ. Մարտիրոսյանի՝ նման ցուցմունք քրեական գործում առհասարակ չկա:
«Հեռախոսահամարների վերծանումների թույլատվություն ստանալու միջնորդությունը հարուցելու մասին որոշման (17.10.13թ.) մեջ նշված է՝ Ա. Ղուկասյանը դատական դեպարտամենտի ղեկավարի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2010թ. հուլիսին որպես կաշառք առձեռն տվել է: Իսկ Երեւանի քննչական վարչության պետ Ա. Այվազյանի գրությունը հասցեագրված է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալ Մ. Դավթյանին, որում գրված է՝ Մ. Մարտիրոսյանը կասկածվում է. Ա. Ղուկասյանից 2010թ. հուլիս եւ նոյեմբեր ամիսներին առձեռն ստացել է խոշոր չափերի ընդհանուր 1.800 ԱՄՆ դոլար կաշառք: Այն, որ մենք անընդհատ պնդում ենք, որ գործարքի արդյունքում կեղծ ապացույցներ են ստեղծվում, ապացուցվում է նաեւ այս փաստերով, որ գործում գոյություն չունի նման ապացույց»,-ասաց Մ. Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ցուցմունքներ են փոխվել եւ դրանք հարմարեցվել նախօրոք մշակված սցենարին: Մասնավորապես, էջ 40 նախկին համարակալում ավարտվում է «պրոֆեսիոնալ լինելու արդյունքն է» բառերով եւ դրված է վերջակետ: Նախադասությունն ավարտվում է տողի մեջտեղում ու չունի շարունակություն, իսկ դրա հաջորդ էջ 41-ը սկսվում է փոքրատառով՝ «պահանջում էր, որ…» բառերով, որով ակնհայտ է դառնում, որ էջ 41-ից առաջ կամ հետո ցուցմունքը փոխվել է: «Այդ փաստի մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ նույն ցուցմունքում 2-րդ էջից սկսած մինչեւ 5-րդ էջը քննիչը յուրաքանչյուր հաջորդ էջը ուղղակի համարակալել է, իսկ 5-րդ էջից սկսած, որը քրեական գործի 252-րդ էջն է (էջ 41), քննիչը ոչ միայն համարակալել է էջերը, այլ՝ համարակալման տակ էլ գրառել է «կասկածյալ Ա. Ղուկասյանի ցուցմունքի շարունակությունը»:

Մ. Մարտիրոսյանն ասաց, որ քրեական գործի պատճենի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված 40-41 (250-252) էջերի միջեւ հայտնվել է եւս մեկ էջ, որը նախկինում չի եղել, քանի որ 17.11.13թ. քննիչի կողմից իրեն տրամադրված պատճեններում բացակայում էր նոր համարակալմամբ 250-րդ էջը, ինչն իր կարծիքով ավելացել է այն ժամանակ, երբ մենք դատարանում հայտարարեցինք, որ նախաքննական մարմնի կողմից հանցագործություններ են կատարվում եւ անգամ ցուցմունքներ են փոխվում: Ի դեպ, այդ մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Արդյունքում, միեւնույն փաստաթղթից արված պատճենների նաեւ համարակալումները չեն կարող տարբերվել, օրինակ, պատճենի 6-րդ էջի համարակալումը քրգործի նույն էջի 7-րդ է դարձել: Միսակ Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ ցուցմունքներից մեկին: Վ. Կարապետյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների համաձայն՝ այն կոնյակը, որը նվիրել է դեպարտամենտի ղեկավարին, «Նապոլեոն» կոնյակ էր, 0,5լ տարողությամբ. «միայն շիշն էր, տուփը ուղիղ անկյուն էր, իսկ շիշն էլ սեւ էր եւ այս ամենը չի խանգարում քննիչին, որ հայտնաբերված կոնյակը, որը «Նապոլեոն» անունը չունի, որ նշված 0.5լ տարողությամբ շշի փոխարեն առգրավվել է 0.7լ տարողությամբ կոնյակ, որ միայն կոնյակի շիշը չէր կոնյակի տուփում՝ տափաշշի մասին ոչինչ չի ասում, որ տուփը ուղղանկյուն էր եւ զարմանալի չթվա, հաշվի առնելով վերոգրյալը, քննիչը կոնյակի շիշը՝ տափաշշով, համարում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված արժեք, ու ճանաչում իրեղեն ապացույց:

Դեռ ավելին, դատաքննության ժամանակ, երբ միջնորդեցինք ոչ վերաբերելի ապացույց ճանաչել դա, մեղադրողն առարկեց, իսկ դատարանն էլ դատավճռով դա ճանաչեց անթույլատրելի ապացույց, իսկ մեղադրողներն էլ իրենց կողմից ներկայացված բողոքում այս կեղծ ապացույցը չեն վիճարկել»,-շարունակեց Մ. Մարտիրոսյանը:
Բողոքաբերը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ դրվագի վրա էլ: Լ.Պետրոսյանը 1.000 ԱՄՆ դոլար է տալիս Վճռաբեկ դատարանի աշխատակից, այս գործով ամբաստանյալ Անգին Ղուկասյանին: Գումարի հետ կար նաեւ 100 ԱՄՆ դոլար արժողությամբ բիժու եւ քաղցրավենիք: Սակայն որպես կաշառքի առարկա դիտարկվում է միայն 1.000 ԱՄՆ դոլարը, մնացածը` բիժուն եւ քաղցրավենիքը՝ ոչ: Ստացվում է, որ Վ. Կարապետյանի կողմից կոնյակը Մ.Մարտիրոսյանին նրա ծննդյան օրը նվիրելը դիտարկվել է կաշառք, իսկ Ա.Ղուկասյանի մասով կաշառքի զանգվածը տրոհվել է եւ այդ մասով իրավական գնահատական տալը դիտարկվել է իրավաչափ:
Մ. Մարտիրոսյանի բողոքը լսելուց հետո, դատարանը տասը րոպե մնալով խորհրդակցական սենյակում՝ մերժեց իր որոշմամբ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930