Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղեկիցներ կյանքում եւ արվեստում

Ապրիլ 05,2017 13:00

Նելլի Խերանյանն
ու Տիգրան Ներսիսյանը հոբելյաններ տոնեցին

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տոնվեց դերասանական ընտանեկան դուետի՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանի եւ Տիգրան Ներսիսյանի ծննդյան 50-ամյա եւ ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանները:

«Առավոտը» ներկա գտնվելով երեկոյին, մտաբերեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի նշանավոր գործիչները» մատենաշարի հերթական՝ «Բաբկեն Ներսիսյան» ալբոմ-ժողովածուի հրատարակման առիթով հեղինակի մեզ փոխանցած միտքը. «39 տարեկանում թողած համբավ, տունուտեղ՝ Վրաստանի վաստակավոր արտիստ Բաբկեն Ներսիսյանը հաստատվում է Մայր թատրոնում, որտեղ «օտար» վարպետներին դժկամությամբ էին ընդունում… Որդին՝ Տիգրանը, հոր արվեստի անմիջական ժառանգն ու տերը դարձավ՝ մանկուց հարազատանալով Մայր թատրոնի ստեղծագործական միջավայրին: Իր աշխուժությամբ, երգ ու պարով, կազմակերպած տիկնիկային ներկայացումներով, զվարթ ծաղրանմանակումներով, ընկերական-ընտանեկան հավաքույթների ակտիվ մասնակից է եղել փոքրիկ Տիգրանը, ով բախտ է ունեցել 9 տարեկանում բեմ բարձրանալ Վարդան Աճեմյանի «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացման մեջ, 12-ում՝ Հայֆիլհարմոնիայի բեմից հանդես գալ Չարենցի «Գանգրահեր տղայով»…»:

Մեզ հետ զրույցում արվեստաբանը առանձնացրել էր Բաբկեն Ներսիսյանի վերականգնած աճեմյանական «Իմ սիրտը լեռներում է» լեգենդար ներկայացման մեջ Ջոնիի դերակատարումը, որտեղ պարզորոշ արտահայտվել էին Ներսիսյան կրտսերի խոստումնալից ունակությունները:

«Մութ ու ցուրտ» 90-ականներին էլ չի պակասել Տիգրան Ներսիսյանի ստեղծագործական եռանդը. նրան հանդիպում ենք «Համազգայինի», «Արտիստականի» բեմերում, եւ որոշակի փորձ կուտակելով, անկասկած, դերասանի կարեւոր ձեռքբերումը Մայր թատրոնում էր:
Տպավորություն չստեղծվի, թե Տիգրան Ներսիսյան դերասանով ենք «ընդունում» նրա հմայիչ կնոջը՝ Նելլի Խերանյանին, որը նույնպես, ինչպես եւ ամուսինը, երիտասարդ տարիքում է սկսել իր ուղին. 1984թ. էկրանին ցուցադրված «Ճերմակ անուրջներ» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն էր մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:

Երկար ժամանակ կպահանջի թվարկելու թե՛ ամուսնու, թե՛ կնոջ դերերը կինոյում, թատրոնում եւ հեռուստաթատրոնում: Միայն ցանկալի է, որ ինչպես հոբելյանական երեկոյի ավարտին իրենց դուստրերի եւ ժամանակակից պարային խմբի ընկերակցությամբ ամուսինները հանդես եկան գերժամանակակից պարային կատարումով, այդ ռիթմով էլ շարունակվի նրանց հետագա կյանքն ու արտիստական ուղին:

Ի դեպ, Նելլի Խերանյանի եւ Տիգրան Ներսիսյանի «ընտանեկան» եւ դերասանական կարիերան սկզբնավորվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930