Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյայի դասերը

Ապրիլ 05,2017 12:30

2016 թվականի քառօրյայի մասին եմ խոսելու, բայց ոչ թե այն մասին, թե ինչպես եւ ինչու հայտնվեցի Թալիշում, այլ այն մասին, թե ազգովի ինչպիսի դասեր քաղեցինք քառօրյայից: Որ հավաքակայանում մարդիկ ժամեր եւ օրեր շարունակ սպասում էին զենք ու զինամթերք ստանալու եւ ճակատ մեկնելու իրենց հերթին, արդեն շատ է ասվել ու գրվել:

Այդ օրերին իմ վաթսուներկուսը նոր էր լրացել, եւ ես վախենում էի, որ այդ պատճառով կարող են ինձ արգելել ճակատ մեկնել եւ խուսափում էի այդ մասին խոսելուց: Սակայն երբ իմացա, որ «Թալիշ» ջոկատում, որտեղ ես գրանցվել էի, իմ կողքին կանգնած է վաթսունյոթամյա կամավորը… իմ ուրախությանը չափ չկար: Եվ այսպես հարազատ զավակներին սատար լինելու համար զենք էին վերցրել մեր զինվորների հայրերն ու պապերը…Ու դժվար է ասել, թե նրանցից ով էր ավելի շատ ոգեւորում մյուսին…


Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ «Թալիշ» ջոկատը, որի կազմում իրերի բերումով ես հայտնվեցի, եւ որի համար շնորհակալ եմ իմ բախտին, հիմնականում բաղկացած էր հայաստանաբնակ թալիշեցիներից (ջոկատի տասնվեց անդամներից տասներեքը թալիշեցիներ էին, մյուս երեքս՝ երեւանցիներ):


Թալիշեցիներ, ովքեր իրենց բազկի ուժը արդեն ցույց էին տվել ղարաբաղյան պատերազմում եւ հիմա էլ ոտքի էին կանգնել հարազատ գյուղը պաշտպանելու վճռականությամբ: Ստորեւ ներկայացնում եմ ջոկատի բոլոր անդամների անուն- ազգանունները եւ ծննդյան թվերը.

Օհանյան Վանիկ Ժորայի, ծնվ. 1960 թ. (հրամանատար)
Ապրեսյան Միքայել Ավագի, 1955թ. (փոխհրամանատար)
Փահլեւանյան Վաչագան Ավագի, 1954թ.
Ավագյան Սլավիկ Արտեմի, 1949թ.
Միրզոյան Պարույր Էդիկի, 1974թ.
Հարությունյան Հակոբ Զավենի, 1959թ.
Ավանեսյան Գրիշա Յաշայի, 1953թ.
Դալլաքյան Սեյրան Սաշայի, 1962թ.
Բալայան Միրզա Արշավիրի, 1963թ.
Ղահրամանյան Արթուր Ռազմիկի, 1963թ.
Դանիելյան Տոլիկ Վազգենի, 1961թ.
Սարգսյան Աշոտ Էդիկի, 1961թ.
Ազարյան Էդիկ Սերգեյի, 1959թ.
Նավասարդյան Սերյոժա Մայիսի, 1953թ.
Խալաֆյան Արամ Բորիսի, 1969թ.
Սարգսյան Սլավա Վլադիմիրի, 1957թ.

Սակայն նրանց մասին չէ, որ ուզում եմ խոսել: Ինձ ավելի շատ հուզեց այդ քառօրյա պատերազմի մի այլ բացահայտում…


Անսպասելիորեն ռազմաճակատի առաջին գծում հայտնվեցին մեր դպրոցահասակ երեխաները…այո, այո, մեր դպրոցականները… հայտնվեցին իրենց ուղարկած ծանրոցներով եւ ոգեշնչող նամակներով…


Թե մեր մանուկների անվարժ ձեռքով գրված նամակները (երբեմն նամակի հեղինակը երկրորդ, երրորդ դասարանցի էր) որքան սեր ու ջերմություն էին պարունակում, դժվար է անգամ նկարագրել: Ուստի այսօր`քառօրյայից մեկ տարի անց, ձեզ եմ ներկայացնում այդ նամակները, նամակներ, որ մեր երեխաները ուղարկել էին մեզ…նամակներ, որ ես Թալիշից հետս Երեւան եմ բերել եւ մինչեւ օրս սրբությամբ պահում եմ…


Ըստ իս՝ այդ նամակները խոսուն վկաներն են այն բանի, որ ապրիլյան քառօրյայում կողք կողքի կռվում էր երեք սերունդ…Ասել է թե` ողջ ժողովուրդը…
Եվ իմ հաստատ համոզմամբ՝ դա է այն մեծագույն եւ անփոխարինելի ձեռքբերումը, որ մենք ունեցանք ապրիլյան քառօրյայում…


Ես ցանկանում եմ իմ եւ իմ մարտական ընկերների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` իմ փոքրիկ բարեկամներ: Այժմ արդեն ես խորապես համոզված եմ, որ մեր հայրենիքի ապագան, հանձինս Ձեզ` հուսալի եւ ամուր ձեռքերում է:


Շնորհակալություն Ձեր ծնողներին եւ ուսուցիչներին` Ձեզ այդպիսի ոգով դաստիարակելու համար:

 

ՎԱՉԱԳԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930