ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել էին 171-րդ տեղում: Նա ՀՀԿ -ի կողմից ռեյտինգայինով առաջադրվել էր նաեւ Շիրակի մարզում՝ թիվ 11 ընտրատարածքում:
Այդ ընտրատարածքից հաղթել են ՀՀԿ-ից Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Եվ եթե վերջինս հրաժարվի մանդատից, հաջորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է: Այսինքն, արդեն հստակ է, որ Սուքիաս Ավետիսյանը եւս նոր խորհրդարանում չի լինելու:
Aravot.am-ի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ նորմալ է ընդունել իր հավաքած ձայները, եւ այն, որ պատգամավոր չի լինելու: Հարցին՝ համակերպվե՞լ եք այդ մտքի հետ արդեն՝ նա պատասխանեց. «Ի՞նչ կա չհամակերպվելու»:
Մենք հետաքրքրվեցինք՝ սա ձեր իսկ քարոզած եւ ընդունած ռեյտինգային համակարգի վատ կողմերից չէ՞, որ պատգամավորը, որը ողջ տարին լավ աշխատում է, կարող է հենց իր կուսակցության ներսում այնպիսի մրցակցության հանդիպի, որ չընտրվի՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չէի ասի վատ կողմերից է ընտրակարգի, որովհետեւ կարելի էր համամասնական ցուցակում ընդգրկեին: Բայց հիմա պարտադիր չի, որ պատգամավոր լինենք միշտ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ սպասո՞ւմ էիք այսպիսի արդյունքի՝ նա ասաց, որ անակնկալ էր իր համար. «Բնական է, նման արդյունք չէի սպասում»:
Հարցրեցինք՝ լավ աշխատանք չե՞ք տարել, լավ քարոզչություն չե՞ք արել, ի՞նչն է պատճառը, որ շատ ձայն չեն տվել՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չէ, լավ աշխատանք տարել եմ, ես իմ եւ իմ թիմի նախընտրական աշխատանքից շատ գոհ եմ»:
Հարցին՝ ինչպե՞ս է, որ «Ծառուկյան» դաշինքից Վարդան Ղուկասյանը 12.450 ձայն է ստացել, Վարդեւան Գրիգորյանը՝ մոտ 14 հազար, իսկ ինքը՝ 1140 ձայն՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Դա արդեն ընտրողների որոշելու խնդիրն է եղել: Ինչ ինձնից հասնում է՝ ես ամեն ինչ արել եմ, մնացածի հետ կապված ոչինչ չունեմ ասելու»:
Թե այսուհետ ինչով է զբաղվելու նախկին պատգամավորը՝ նա պատասխանեց. «Էս ազատ աշխարհում ամեն ինչով էլ կարելի է զբաղվել: Ինչի՞ պիտի աշխատանք չունենամ, ի՞նչս է պակաս»: Արդեն առաջարկ ստացե՞լ եք որեւէ պաշտոնի՝ նա պատասխանեց. «Չէ, որեւիցե առաջարկ, որեւիցե ծրագիր չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ