Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախնական հայտարարությունն ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Ապրիլ 04,2017 14:35

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (ԸՔ ՀԿ) դիտորդները 2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունները դիտարկել են հանրապետության թվով 998 տեղամասերում: Դիտարկված տեղամասերը կազմում են ընտրությունների օրը բացված տեղամասերի շուրջ 50 տոկոսը: Դիտարկումներն իրականացվել են հանրապետության բոլոր քաղաքներում և որոշ խոշոր համայնքներում:

Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդների ուժերով դիտարկվել են քաղաքական մթնոլորտը, ընտրողների ցուցակների տրամադրման և դրանց ճշգրտման գործընթացները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավները, քարոզչական նյութերը, ընտրական իշխանությունների գործելակերպը և այլ կարևոր ընտրագործընթացներ:

Քվեարկության օրը դիտարկվել են ընտրական հանձնաժողովների գործողությունները, քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացների օրինականությունը, ընտրատեղամասերի ներսում տիրող մթնոլորտը, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը:

Ընտրությունների ընթացքում մեր կազմակերպությունը դիտարկումներ է արել այն չափանիշով, որ մեզ համար կարևորը գործընթացի օրինականությունն է և ոչ՝ վերջնական արդյունքները:

ԸՔ ՀԿ-ն դրական է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ միաժամանակ արձանագրելով դրական տեղաշարժ նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ:

2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մեծամասամբ հավասարակշռված մթնոլորտում, զերծ քարոզչության անթույլատրելի դրսևորումներից, բացի առանձին դեպքերից: Ժողովրդավարական ընտրություններին հատուկ քաղաքակիրթ մրցապայքարին հարիր հանդուրժողականությունը, կազմակերպության գնահատմամբ, նպաստել է հանրության շրջանում ընտրագործընթացների հանդեպ հետաքրքրության մակարդակի բարձրացմանը, ընտրողների գիտակցված ընտրություն կատարելուն: Դատապարտելով ամեն տեսակի բռնարարք՝ մենք դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում տեղ գտած անհանդուրժողականության եզակի դրսևորումներն անհապաղ կերպով համապատասխան արձագանք են գտել պատկան մարմինների կողմից, մասնակիորեն՝ ընտրակաշառքների մասին հրապարակումները և ընտրողների վրա ներգործության փորձերը:

2017թ. ապրիլի 2-ի՝ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է տրվել ազատորեն հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: ԶԼՄ-ները հավասարակշռված ներկայացրել են նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը, ինչը նպաստել է կուսակցությունների ներկայացրած ծրագրերն ընտրողներին իրազեկելուն:

Ընտրությունների օրն ընտրատեղամասերի զգալի մասում քվեարկությունը և ձայների հաշվարկը ընթացել են խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում: Ընտրագործընթացները զգալիորեն բարելավվել են, և նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ, անցել են առավել քաղաքակիրթ և թափանցիկ մթնոլորտում:

Դրական պետք է գնահատել այն, որ ընտրողների ցուցակները զգալիորեն բարելավված էին՝ նախորդ ընտրությունների համեմատ. նկատված փոքրաքանակ անճշտությունները զգալիորեն նվազել են և ճշտումներից հետո վերացվել լիազոր մարմնի կողմից: Նախորդ ընտրությունների համեմատ, չեն արձանագրվել ընտրողների զանգվածային տեղաշարժեր մի ընտրատարածքից մի այլ ընտրատարածք, նվազել է ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնող ընտրողների քանակը:

Հանձնաժողովների անդամների մեծ մասը բավարար պատրաստված են եղել իրենց գործառույթներն իրականացնելուն, տեղամասերի մեծ մասում քվեարկության և ձայների հաշվարկների գործընթացներում պահպանվել է օրինականությունը:

Ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները, այլ պատկան մարմիններ արագորեն արձագանքել են դիմում-բողոքներին, որոնց մի մասին ընթացք չի տրվել՝ փաստերի չհիմնավորված լինելու պատճառով (օրինակ՝ ընտրակաշառքի մասին լուրեր, ընտրական ցուցակների անճշտությունների մասին հաղորդումներ, անօրինական քարոզչության դեպքեր, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում և այլն): Մասնավորապես, նախընտրական ժամանակահատվածում դպրոցների տնօրենների միջամտության առնչությամբ ԸՔ ՀԿ-ն գտնում է, որ խախտումների վերաբերյալ պատկան մարմինները պետք է համապատասխան որոշումներ կայացնեն, իսկ հանրությունը պետք է տա բարոյական գնահատական: ԸՔ ՀԿ-ն գտնում է, որ տվյալ դեպքի առնչությամբ հարցումներ իրականացնողների գործելաոճը և մեթոդները նույնպես անհարիր են տեղական դիտորդական առաքելությունների գործելակերպին և ԵԱՀԿ կողմից մշակված տեղական դիտորդների էթիկական նորմերին: Հանուն արդարության պետք է նշել, որ տվյալ դեպքում լուրերի թիրախ է հանդիսացել մեկ կուսակցություն:

Դիտորդները դրական են գնահատում ոստիկանության չեզոք վարքագիծը և ընտրությունների գործընթացին չմիջամտելն օրենքի սահմաններում:

Խրախուսելի էր ընտրախախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված՝ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի առկայությունը, որն արձագանքել և քննության է առել ընտրարշավի ժամանակ և քվեարկության օրը վեր բարձրացված մտահոգություններին և քաղաքացիական կառույցների ներկայացրած հայտարարություններին:

ԶԼՄ ներկայացուցիչներին, վստահված անձանց, դիտորդներին հնարավորություն է տրվել առանց խոչընդոտների, ազատորեն իրականացնելու օրենքով սահմանված իրենց պարտականությունները, բացի առանձին դեպքերի, որոնց առնչությամբ քրեական և վարչական գործեր են հարուցվել:

Չնայած տեղամասերի մի մասում տեխնիկական սարքերի և տեսախցիկների աշխատանքը խափանվել է որոշակի ժամանակահատվածում, ընտրական հանձնաժողովներն աշխատել են տեղերում մասնագետների միջոցով արագորեն վերացնել տեխնիկական թերությունները և քվեարկության գործընթացը վերադարձնել իր բնականոն հունը: Պետք է նկատի առնել, որ տեսախցիկները և նույնականացման սարքերը նորամուծություն են մեր ընտրական գործընթացում, և ակնկալելի էր, որ դրանց օգտագործման հարցում պետք է առաջանան որոշակի դժվարություններ:

Արձանագրելով վերոհիշյալ դրական միտումները և փաստերը՝ որոշ տեղամասերում դիտարկվել են քվեարկության գաղտնիության խախտման և կրկնակի քվեարկության, ընտրողների ուղղորդման, տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կուտակումների, բաց քվեարկության, ընթացակարգային խախտումների, ընտրողների ցուցակագրման, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության գործադրման առանձին դեպքեր: Եղել են նաև ընտրակաշառքի դեպքերի մասին որոշ հայտարարություններ տարբեր կուսակցությունների և ԶԼՄ-ների կողմից:

Մենք խիստ քննադատում ենք ընտրակաշառքների պրակտիկան, ինչը խաթարում է ընտրությունների օրինական գործընթացի մասին հանրության պատկերացումները և զգալիորեն վնասում ընտրությունների հեղինակությունը: Միաժամանակ նշում ենք, որ մեր դիտորդները դիտարկումներն իրականացրել են տեղամասային կենտրոններում և լայնածավալ տեղեկատվության չեն տիրապետում ընտրակաշառքների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը հրապարակել են հիմնականում ԶԼՄ-ները, և դրանց հավաստիության վերաբերյալ ԸՔ ՀԿ-ն չի կարող հավաստի տեղեկատվություն տրամադրել:
Վերոհիշյալ խնդիրները, անճշտությունները, որ դիտարկվել են առանձին տեղամասերում, չեն կրել զանգվածային բնույթ և, դատելով ընտրությունների վերջնական արդյունքներից, չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Մտահոգիչ է, որ այդ խնդիրները, անճշտությունները, չարաշահումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ընտրագործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա:

Ընդհանուր առմամբ, ԸՔ ՀԿ-ն նախընտրական քարոզչությունը և ընտրությունների օրվա ընթացքը գնահատում է դրական և արձանագրում որոշակի բարելավում՝ նախորդ ընտրությունների և վերջին հանրաքվեի համեմատ: Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացները և արդյունքներն արտացոլել են ընտրողների կամարտահայտության իրական պատկերը: Չկենտրոնանալով ընտրությունների արդյունքների վրա՝ պետք է նշել, որ ընտրություններում պարտված կուսակցությունների կամ դաշինքների ձայները եթե անգամ կրկնապատկվեին, ապա այդ կուսակցությունները կամ դաշինքները չէին կարող հաղթահարել պահանջված շեմը:

Գիտակցելով, որ ժողովրդավարությունը գործընթաց է, մենք խուսափել ենք նախնական հայտարարությունում «ազատ, արդար, թափանցիկ», «մեկ քայլ առաջ կամ հետ» տերմինների օգտագործումից: Կազմակերպությունն ընդգծում է, որ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության ևս մեկ փուլի հաղթահարում է, որը պահանջում է քաղաքական կամք ընտրությանը մասնակցող բոլոր կողմերից: Այն ենթադրում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր կողմերը չպետք է բավարարվեն միայն դրական միտումներով, այլ նաև պետք է դասեր քաղեն այն բացասականից, որը դիտարկվել է ընտրությունների ընթացքում:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930