Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ձեռքերը ծալած չի նստելու

Ապրիլ 03,2017 22:55

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ) դաշինքը վաղը կհայտարարի` բողոքարկո՞ւմ է ընտրությունների արդյունքները, դիմում ներկայացնելո՞ւ է ձայների վերահաշվարկի:

ՕՐՕ-ի տեղեկատվական կենտրոնի համակարգող, «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ընտրությունների արդյունքների պատկերը չի արտացոլում իրականությունը: Դաշինքն այս պահին դեռ տարբեր տեղերից ստանում է բողոքներ, ահազանգեր, դեռ վերլուծման փուլում են, ուստի վաղն առավոտյան պարզ կլինի վերահաշվարկի դիմում ներկայացնում են, թե` ոչ:

Մեր այն հիշեցմանը, թե որոշ դիտորդներ կարծիք են հայտնում , որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, այլ բան է, որ քվեարկել են վախի, կաշառքի ազդեցության ներքո, և հանցագործություն է նման պայմաններում քվեարկություն անցկացնելը, պարոն Խուրշուդյանն արձագանքեց. «Ընտրել կարելի է նույնիսկ ատրճանակի ներքո: Երբ մարդու գլխին դնում են ատրճանակ ու ասում` ընտրիր ինձ, նա կարող է ընտրել, բայց չի նշանակում, որ դա խախտում չէ: Հիմա կաշառելով, վախեցնելով, սպառնալով, որ սոցիալական նպաստներից կկտրեն, աշխատանքից կազատեն, ստիպել են մարդկանց, բայց չեմ կարծում, որ դա զանգվածային ընտրախախտումների մասին չի խոսում»:

Պարոն Խուրշուդյանը վստահեցրեց`մի ուժ, որը տապալել է բոլոր իր գործառույթները` որպես պետական իշխանություն, տապալել է արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում, երկիրն աղքատության խորը ճգնաժամի է հասցրել, հսկայական պարտքեր կուտակել, տապալել է տնտեսությունը, այդ ուժը չի կարող գնալով ավելի շատ ձայներ ստանալ:

Մեր այն հիշեցմանը, թե ՀՀԿ-ն 49.15 տոկոս արդյունք է գրանցել, և հարցին, հետևաբար խնդիրը ո՞ր օղակում է, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Խնդիրը մի կողմից պրոֆեսիոնալ ընտրակեղծարար մեքենայի մեջ է, մյուս կողմից էլ ընդդիմության պատասխանատվությունը կա, որ չհամախմբվեց, որ դաշտը սև ու սպիտակ դարձներ, որ մարդիկ տեսնեին մեկ ալտերնատիվ`իմանալով, որ դրան ընտրելով փոփոխություն են բերում: Ուստի հիմա գնում են ընտրելու ոչ թե փոփոխությունը, այլ մանդատ ստանալու երազանքով տառապող մի խումբ մարդկանց: Բնականաբար մարդիկ չեն գնա ընտրելու, կգնան ընտրելու կաշառքով»:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իրենք ամեն ինչ արեցին լայն կոնսոլիդացիա իշխանությունների դեմ ստեղծելու համար, ինչը այդպես էլ մյուս ուժերը չարեցին, և արդյունքում պարտվեց ժողովուրդը. սա միայն ընդդիմության պարտությունը չէ:

Պարոն Խուրշուդյանն ասաց, թե իրենք չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, սակայն, թե ինչ տարբերակով կլինի պայքարը, պարզ կլինի առաջիկայում:

Հովսեփ Խուրշուդյանը ցավով նշեց, թե ՕՐՕ-ի ցուցակում ներառված Անդրիաս Ղուկասյանին այսօր զրկել են վստահված անձանց հետ հանդիպել: Նա մանրամասնեց. «Մենք հիմա ունենք քաղբանտարկյալների խնդիր: Հիմա քաղաքական պասիվությունը հավասար է նրան, որ որևէ հույս չի լինի, թե նրանց ազատ կարձակեն: Անդրիաս Ղուկասյանին հնարավորություն էր տրվում հանդիպել իր վստահված անձանց հետ: Այդ մասին նրա կնոջը` Անահիտ Թարխանյանին ասել է ՔԿՀ պետը: ԿԸՀ-ից էին հավաստիացրել` քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել ընտրությունների, նրա հետ հանդիպման հնարավորություն կա: Բայց նույնիսկ դա արգելեցին այսօրվանից: Այնքան մանր ու ճղճիմ իշխանություն ունենք, որ նույնիսկ իրենց խոստացածը չեն կատարում»:

Մեր դիտարկմանը, թե մի տեսակ փակ շրջան է ո՛չ ընտրությունների միջոցով է ՀՀ-ում հնարավոր դառնում իշխանափոխություն իրականացնել, ո՛չ փողոց դուրս գալով, ուստի ի՞նչ միջոցների են դիմելու, պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք հիմա վերլուծելու, արդյունքներն ուսումնասիրելու, քննարկելու փուլում ենք: Բարդ լուծումներ են լինելու, այդ հարցը լուրջ պատասխան է պահանջում, որին ես այս պահին պատրաստ չեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930