Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները շարունակելու են պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները

Ապրիլ 03,2017 21:12

Երեկ՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք։

Այսպես, Երեւանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Այս տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Armtimes.com»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ նույն թեկնածուի Նորագյուղում գտնվող շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա  ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ «Newsbook.am»-ի մեկ այլ թղթակցի էլ՝ Քրիստինե Պողոսյանին, սպառնացել ու հայհոյել են Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում։

Տարատեսակ խոչընդոտումների և ճնշումների են բախվել նաև «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանը՝ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում, «Tert.am»-ի թղթակից Անի Գևորգյանը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ  12/35 ընտրատեղամասում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը՝ Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում, «Armtimes.com»-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը՝ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում, «News.am»-ի թղթակից Լուսինե Շահբազյանը՝ թիվ 6/01 ընտրատեղամասում։

Հայաստանում ձեւավորվել է խիստ բացասական ավանդույթ. ներքաղաքական լարվածություն առաջացնող իրադարձությունների, հատկապես՝ համապետական ընտրությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Այս առումով ապրիլի 2-ը բացառություն չդարձավ, չնայած իշխանությունների՝ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու խոստումներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ իրավապահ մարմինները նշված միջադեպերից մի քանիսի վերաբերյալ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ են իրականացնում։ Սակայն ձեռնարկված քայլերը առանձնապես հավատ չեն ներշնչում, քանզի նախորդ տարիներին բազմաթիվ նմանատիպ դեպքերում մեղավորները չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ քրեական գործերը, եթե նույնիսկ հարուցվել են, կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

-ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացներին, շարունակելու ենք պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները և այդ ամենի մասին տեղեկացնելու ենք հանրությանը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930