Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում հնարավորություն կտա ամբողջությամբ օգտվել ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից

Ապրիլ 03,2017 19:55

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկա­խացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմա­նադրական բարեփոխումների իրականացման, կիսանախա­գահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։

Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա:  Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրա­պայքարից: Դա ևս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է  ճիշտ ճանապարհով:

Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. սա յուրաքանչյուրի ներգրավվածության և յուրաքանչյուրի դերի կարևորության ընկալման ամենալավ ցուցիչն է։ Շնորհակալ եմ դրա համար։

Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։

Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկա­յացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախա­պատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայաց­ման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։ Մենք նորովի կազմակեր­պեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա։

Շնորհակալ եմ ընտրությունների կազմակերպման հարցում ներգրավված բոլոր ինստիտուտներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրա­կան հանձնաժողովների անդամներին, բոլոր անհատներին. դուք մեծ գործ արեցիք։

Շնորհակալ եմ իրավապահ համակարգին արձանագրված խախտում­ներին շատ օպերատիվ ու պատշաճ արձագանքելու համար. վստահ եմ՝ սկսված իրավական գործընթացները բնականոն շարունակություն կունենան։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի երկուսը մենք սկսեցինք Եռաբլուրում՝ խնկարկելով քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների շիրիմներին։ Ապրիլի երկուսը մենք ավարտեցինք նրանց շիրիմներին տրված մեր խոստումն իրականացնելու հարցում մեկ քայլ առաջ կատարած։ Մենք խոստացել ենք ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն կառուցել, և մենք կառուցելու ենք։

Բոլորս միասին ենք անելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930