Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ դիտորդների ամբողջական հայտարարությունը.  «Բարելավված օրենսդրությունն էլ արդյունավետ է միայն, եթե կիրառվում է բարեխղճորեն »

Ապրիլ 03,2017 17:29

Իրավական և տեխնիկական բարեփոխումները բարելավել են Հայաստանի լավ կազմակերպված ընտրությունները, սակայն գործընթացի վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը և ընտրողների վրա ճնշումները, ասում են միջազգային դիտորդները:

 ԵՐԵՎԱՆ, 2017թ. ապրիլի  3 – Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները: Չնայած իրավական շրջանակի՝ հավանության արժանացած բարեփոխումներին և ընտրական անճշտությունները նվազեցնելուն ուղղված նոր սարքավորումների ներդրմանը՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումները, այսօր հրապարակված նախնական հայտարարության մեջ նման եզրակացության են հանգել միջազգային դիտորդները:

«Երեկվա ընտրությունները գծանշեցին առաջին քայլը Հայաստանում նոր քաղաքական համակարգ կառուցելու ճանապարհին, բայց փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ համակարգող Իգնասիո Սանչեզ Ամորը:- Բարեփոխումները երբեք չավարտվող գործընթաց են, և ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը և նոր կառավարությանը շարունակել իրենց ջանքերը՝ փոխակերպելու երկրի քաղաքական մշակույթը՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»:

Նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ընտրություններից շուրջ մեկ տարի առաջ, մի ներառական պրոցեսով, որը շատերի կողմից ընկալվեց որպես մեկ քայլ առաջ գործընթացի նկատմամբ վստահություն կառուցելու հարցում, ասել են դիտորդները: Ընտրությունների օրինական շրջանակը համապարփակ է, բայց ոմանց կողմից քննադատության է արժանացել՝ որակվելով որպես չափազանց խրթին: Օրենսգրքի բարեփոխումներն անդրադառնում են ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի՝ նախկինում արված մի շարք հանձնարարականներին, չնայած որոշ ասպեկտներ հետագա ուշադրության կարիք ունեն:

«Քիչ կասկածներ կան առ այն, որ Հայաստանի քաղաքացիների նախորդ քվեարկությունից հետո ջանքեր են գործադրվել, ներառյալ կազմակերպչական բարեփոխումները՝ ընտրական գործընթացի որակը բարձրացնելու ուղղությամբ: Իշխանություններին պետք է տուրք մատուցել այս նոր, բավականին բարդ ընտրական օրենսդրությանը ընտրազանգվածին ծանոթացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների համար: Ցավալի է, որ չնայած բոլոր օրենսդրական և կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրությունները չվերացրին երկրում երկար ժամանակ գոյություն ունեցող կասկածները ընտրական գործընթացների վստահելիության և ազնվության նկատմամբ,- ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկյեն:- Քվեարկության նոր տեխնոլոգիաների օգտագործումը միայն չի կարող վերականգնել վստահությունն ընտրությունների նկատմամբ, որոնք առանցքային են ճշմարիտ ժողովրդավարության մեջ, իսկ բարելավված օրենսդրությունն էլ արդյունավետ է միայն, եթե կիրառվում է բարեխղճորեն»:

«Նոր Ընտրական օրենսգիրքը ավելի մեծ ներկայացվածություն է ընձեռում կանանց և փոքրամասնություններին,- ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գեյր Յորգեն Բեքքևոլդը:- Ես ուրախ եմ նշելու, որ Ազգային ժողովում մեր գործընկերների շարքում ավելի մեծ թվով կանայք կլինեն, և ես խրախուսում եմ քաղաքական կուսակցություններին հզորացնել նրանց՝ հանուն տրանսֆորմատիվ փոփոխությունների»:

«Նոր ընտրական ընթացակարգը բարդ էր և ոչ միշտ էր հասկանալի ընտրողների համար: Այդուհանդերձ, ընտրատեղամասերի անձնակազմը լուրջ ջանքեր է գործադրել՝ հարթ գործընթաց ապահովելու համար: Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների, մասնավորապես դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաև վարչական դիրքի չարաշահմամբ,- ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութոլան:-  Եվրախորհրդարանը սերտորեն կաշխատի Հայաստանի ապագա Ազգային ժողովի հետ՝ աջակցելու բարեփոխումներին և ժողովրդավարացմանը՝ համապատասխան ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մաս հանդիսացող մեր հանձնառություններին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է արդյունավետ և իր աշխատանքները կատարել թափանցիկ կերպով: Այնուամենայնիվ, այն խստորեն հետամուտ չի եղել բողոքներին, ասվում է հայտարարության մեջ:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկը դանդաղ էր, որը, սակայն, ակտիվացավ քվեարկության օրվան ընդառաջ: Նախընտրական քարոզարշավների մեծ մասը առավել կենտրոնացած էր առանձին թեկնածուների, քան կուսակցական հարթակների կամ քաղաքական ծրագրերի վրա: Մասնակիցները հիմնականում կարողանում էին քարոզարշավ իրականացել առանց սահմանափակումների, բայց երկրի որոշ հատվածներում գրանցվել են բռնության առանձին դեպքեր:

Հավաստի տեղեկատվություն կա ընտրակաշառքների, հանրային ծառայողների վրա ճնշումների գործադրման, այդ թվում դպրոցներում  և հիվանդանոցներում, և ընտրողների ահաբեկման դեպքերի վերաբերյալ: Այս ամենը նպաստել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության համատարած կորստին, ասել են դիտորդները:

Ընտրությունների օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր և խաղաղ, բայց դիտորդները լարվածություն և ընտրողների նկատմամբ ահաբեկումներ են նկատել մի քանի ընտրատարածքներում, որտեղ այցելել են:  Ընդհանուր առմամբ դրանց պատճառ է հանդիսացել ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի շուրջ կուսակցությունների մեծ թվով վստահված անձանց և այլ անձանց ներկայությունը:

Քվեարկության օրը ընտրողների ինքնությունը հաստատվել է ինքնությունը հաստատող սարքերի կիրառմամբ, որոնք ներառում էին ընտրացուցակների էլեկտրոնային պատճենները, նրանց մատնահետքերը նույնպես սկանավորվել են: ԿԸՀ-ն հայտարարել է, որ խաչաձև ստուգում կիրականացնի՝ բողոքների դեպքում բազմակի քվեարկության պոտենցիալ դեպքերը բացահայտելու համար: Առաջին անգամ է, որ ընտրատեղամասերի ստորագրված ընտրացուցակների սկանավորված պատճենները կհրապարակվեն, ինչը, չնայած ընտրողների անձնական տվյալների հրապարակմանը, դիտորդների զրուցակիցները գնահատել են որպես ուրիշի փոխարեն քվեարկությունների դեպքերը զսպող կարևոր միջոց:

«Այս ընտրություններին ընդառաջ ձեռնարկված միջոցները բարելավել են իրավիճակը քվեի գաղտնիության ուղղությամբ, ինչը կարևոր քայլ էր գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու հարցում, բայց առավել հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ուղղված ընտրակաշառքների և ընտրողների վրա ճնշումների երկարատև փորձի կանխմանը,- ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը:- Առաջ շարժվելով՝ մեր առաքելությունն այստեղ կմնա այս և մյուս շաբաթվա ընթացքում, ինչը մեզ թույլ կտա հետևել հետընտրական զարգացումներին, այդ թվում արդյունքների ամբողջականացմանը և ցանկացած հնարավոր դիմումների կամ բողոքների կարգավորմանը»:

Հանրության շրջանում չեն ցանկանում զեկուցել ընտրական հանցանքների մասին՝ բողոքների վերաբերյալ վճիռ կայացնող համակարգի հանդեպ վստահության բացակայության պատճառով: Դատական, ընտրությունների կառավարման և իրավապահ մարմինների անկախության բացակայությունը և  բողոքների արձագանքման նրանց եղանակը խարխլում է իրավական լուծումներ տրամադրելու արդյունավետությունը, ասվում է հայտարարության մեջ:

Ուժեղացված ներինստիտուցիոնալ համագործակցությունը հանգեցրել է ընտրացուցակներում բարելավված ճշգրտության: Չնայած օրենքով սահմանված են բավարար չափով մեխանիզմներ՝ ընտրողների կողմից ճշգրտումեր պահանջելու համար, այնուամենայնիվ, ցուցակները շարունակում են ներառել հասցեներ, որտեղ գրանցվել են մեծ թվով ընտրողներ, ինչը պահանջում է իշխանությունների կողմից հետագա ուսումնասիրություն:

Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և լայնորեն կիրառվում է: Հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված է՝ սեփականատերերի կողմից խմբագրական քաղաքականությանը միջամտելու պատճառով: Սա հանգեցնում է լրագրողների կողմից, այդ թվում Հանրային հեռուստատեսությամբ, ինքնագրաքննության և հետ է պահում կառավարությանը քննադատաբար լուսաբանելուց, ասել են դիտորդները: Լրագրողները հայտարարել են, որ բռնության վերջին դեպքերը և դրանց պատասխանատուների նկատմամբ դատական կարգով հետապնդումների բացակայությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին և խարխլում իրենց անվտանգությունը: Առցանց լրատվական աղբյուրների վրա սահմանափակումներ չկան, ինչը նպաստում է լրատվամիջոցներում բազմակարծության աճին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից անցկացված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ հանրային հեռարձակողը իր լրատվական հաղորդումներում համաչափ է լուսաբանել մասնակիցներին:

Միջազգային և քաղաքացիական դիտորդությունը թույլատրվում է, և կուսակցությունների ներկայացուցիչներն իրավասու են ներկա գտնվել ընտրատեղամասերում:

ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավաստագրել է 28, 021 քաղաքացիական դիտորդների, սակայն լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը քննադատել են դիտորդների վերաբերյալ օրենսդրական դրույթները՝ պատճառաբանելով, որ դա հնարավոր է դարձնում ընտրատեղամասերի պաշտոնատար անձանց կողմից ընտրատեղամասերում քաղաքացիական դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների թվի ընտրողաբար սահամանափակումը: Միջազգային հասարակական կազմակերպություններին մերժել են ընտրություններում դիտորդություն կատարելու հրավեր տրամադրել, ինչը հակասում է ԵԱՀԿ հանձնառություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930