Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալանը մատնանշում է, որ Եվրոպական միությունը մեծ չափով սատարել է ՀՀ-ում ԱԺ ընտրությունների կայացմանը, ֆինանսավորել տեխնիկական սարքավորումների ձեռքբերումը: «Դրանք փարատեցին որոշ մտահոգություններ, բայց ընտրական գործընթացը բարդ էր: Ցավոք՝ վստահության արժանի տեղեկություններ կան այն մասին, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, մասնավորապես՝ դպրոցների եւ բուժհաստատությունների աշխատակիցների հանդեպ ճնշումներ են եղել»,-հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:
Այնուամենայնիվ, Հաիդի Հաութալանի հավաստմամբ՝ Եվրախորհրդարանը կաշխատի ՀՀ նոր Խորհրդարանի հետ՝ բարեփոխումները շարունակելու գործում:
Անդրադառնալով հարցին, թե ԱԺ ընտրություններն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, Հաիդի Հաութալանը նկատեց. «ԵՄ-ն եւ ՀՀ-ն խորացնում են հարաբերությունները՝ համապարփակ համաձայնագիրը նախաստորագրված է: Հավանաբար, ստորագրումը կկայանա նոյեմբերին՝ Բրյուսելում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ