«Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանում կայունությունը վտանգի տակ չէ»,-«Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Կոնստանտին Զատուլինը:
Բանախոսի կարծիքով, այս ընտրությունները հաղթական էին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար, բայց «Ծառուկյան» դաշինքն էլ, կարծում եմ, դժգոհելու առիթ չունի»:
Ընդհանուր առմամբ, հայաստանյան խորհրդարանական ընտրությունների մասով, Կոնստանտին Զատուլինը կիսում է այն կարծիքը, որն արտահայտել էր ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:
Կոնստանտին Զատուլինը ՀՀ նոր ԸՕ-ն «ինովացիոն» է որակում, ասում է, որ մանրամասն ուսումնասիրել է այն, համամիտ է, որ հնարավորինս բացառվել են ընտրախախտումների մեխանիզմները: Կայացած է ընտրությունները համարում. «Իհարկե, կային խախտումներ, բայց համոզված եմ, որ դրանք չէին ազգում ընտրությունների արդյունքի վրա»:
Կարդացեք նաև
Ինքն իր դիտարկումներն անցկացրել է Սյունիքի մարզում, հատուկ է այդպես ընտրել: Ասում է, որ ընտրությունների այս նոր մեխանիզմը բոլորից էր ուժերի լարում պահանջում: Կարծում է, եթե այս ընտրակարգը պահպանվի, այն թերեւս արժե մի քիչ դյուրին դարձնել: Բայց դա ներքին գործ է`ԿԸՀ-ի խնդիրը:
Ինքը շատ էական է համարում այն հանգամանքը, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը շահագրգիռ չեն հետընտրական լարումներ ստեղծելու. «Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն անկայունություն թույլ տա, դրա համար նաեւ հանրության մանդատը չկա»:
Ընտրական եւ հայ ռուսական հարաբերությունների մասին մանրամասները` տեսանյութում
«Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են`ՌԴ-ում հետեւություններ չեն անում: ՌԴ-ում միշտ հետեւություններ անում են»,- հավաստիացրեց Կոնստանտին Զատուլինը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ