«Տեղամասերից դուրս իրար հետ ինչ-որ թղթեր ու տեղեկություններ էին փոխանակում, մենք այդ ամենն արձանագրել ենք, բայց չենք մոտեցել ու հարցրել՝ ո՞ր կուսակցությունից եք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ դիտորդները ո՞ր քաղաքական ուժերի կողմից են արձանագրել ընտրակաշառք բաժանելու դեպքեր, ասաց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը:
Նա թեեւ հրաժարվեց անուններ հնչեցնել, բայց հետո ասաց, որ դրանք կլինեն իրենց առաջիկա՝ համապարփակ զեկույցում:
Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրակաշառք բաժանելու եւ ընտրողների հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքեր է արձանագրել:
Պատասխանելով հարցին, թե ՀՀ ընտրողները որքանո՞վ կարողացան իրացնել իրենց ընտրական իրավունքը, Իգնասիո Սանչես Ամորը նշեց, որ ընտրությունների հանդեպ վստահության պակասի պատճառով քաղաքացիները չեն բողոքում. «ԿԸՀ-ին եւ դատախազությանն ուղղված պաշտոնական բողոքները շատ քիչ են»:
Կարդացեք նաև
Իգնասիո Սանչես Ամորի խոսքով՝ այդ վստահության պակասի վրա հետք են թողել հենց ընտրակաշառքների, հանրային ծառայողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները. «Եթե ՀՀ-ն ցանկանում է ուժեղ ժողովրդավարության հասնել, քաղաքական ուժերը պետք է ավելի հասուն գործեն»:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատմամբ՝ քվեարկության գործընթացն, ընդհանուր առմամբ, հարթ է եղել, սարքավորումներն օգնել են կանխել կրկնաքվեարկությունները, բարելավել է ընտրացուցակների ճշգրտությունը, բայց կային կուտակումներ, հերթեր, իսկ կուսակցությունների ներկայացուցիչները միջամտել են քվեների հաշվարկի գործընթացին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ