Ապրիլի 3-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղյանն էր:
Թեման վերաբերում էր համացանցին, մասնավորապես՝ ընտրությունների և պատերազմի ընթացքում դրա դերին:
Նախընտրական շրջանում համացանցում տեղի են ունեցել քաղաքական բանավեճեր, սակայն ըստ մասնագետի՝ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա: «Այսինքն՝ կյանքը իր հունով է գնում, ինտերնետն իր համար ապրում է»,- ասաց նա:
Տեխնիկայի կիրառմանը անդրադառնալով՝ Գրիգոր Սաղյանը նշեց, որ այն, իհարկե, դրական փոփոխություն էր: «Տեխնիկայի շնորհիվ բացառվել են ընտրակեղծիքների որոշ եղանակներ», – նշեց մասնագետը, սակայն նաև հավելեց, որ չի կարելի ասել, թե տեխնիկան կարող է բոլոր խնդիրները լուծել:
Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ նաեւ պատերազմի ժամանակ համացանցի ազդեցությանը. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաօբյեկտիվ տեղեկատվությունը, թե կոնկրետ ինչ տարածքային կորուստեր ենք ունեցել, մենք ավելի շուտ ստացել ենք Bellingcat կազմակերպությունից: Մի քանի օր հետո հայտնվեց տեղեկատվություն, թե ինչքան է նահանջել հայկական բանակը»:
Գրիգոր Սաղյանը բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ ծրագիրը: Լուսանկարում աշտարակի կամ օրինակ՝ հենասյան առկայության շնորհիվ ծրագիրը կարող է ցույց տալ, թե որտեղ է այդ լուսանկարն արված: «Այսօրվա ինտերնետային հնարավորությունը թույլ է տալիս մեր հասարակ լուսանկարներով տեղորոշել, թե որտեղ ենք գտնվում»,- նշեց մասնագետը:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ