Լրահոս
Օրվա լրահոսը

«Խրախճանք ժանտախտի ժամանակ». Արթուր Սաքունցը՝ ԱԺ անցած կուսակցությունների մասին

Ապրիլ 03,2017 15:59

«Այն կուսակցությունները, որոնք անցել են ԱԺ և կուրախանան, դա պետք է որակել խրախճանք ժանտախտի ժամանակ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ մեր պետությունը հիվանդ է, և անարժանապատիվ է այս հիվանդության պարագայում ուրախանալը:

Պարոն Սաքունցը գոյություն ունեցող իրավիճակն այսպես նկարագրեց. «Ունենք մի իրավիճակ, երբ ընտրակաշառքը հրապարակավ անվանվում է նվիրատվություն կամ մեկօրյա աշխատավարձ առանց ամոթի որևէ զգացման, երբ մեր քաղաքացին հասել է իրապես հպատակի այն աստիճանի, որ կարող է քվեարկել ձախողած, արտագաղթի լուրջ մարտահրավերներ առաջացրած խմբի օգտին: Այն, որ մեր ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է: Այլ բան է, որ քվեարկել են վախի, կաշառքի ազդեցության ներքո: Ուղղակի հանցագործություն է նման անազատության մեջ քվեարկություն իրականացնելը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը թվարկեց մի շարք ընտրախախտումներ. «Դիտորդական առաքելություն ունեցող ՀԿ-ներից «Լիարժեք կյանք» ՀԿ-ն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն՝ ԲՀԿ-ի օգտին, «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն՝ ԲՀԿ-ի օգտին, «Եվրասիական ինտեգրացիայի» ՀԿ-ն՝ ՀՀԿ-ի օգտին: Եվ այս կազմակերպությունների դիտորդներն ավելի մեծ իրավունքներ ունեին, նաև ուղղորդումը հենց նրանց կողմից էր իրականացվում: Տեղամասեր կային, որ քվեախցիկի հետևում պատուհան կար, որ անընդհատ հետևել են, կամ դիտորդը լսել է կաշառքը բաժանելու մասին, որ դրսում սպասում են, որ գումար տան»:

Որպես եզրակացություն՝ պարոն Իշխանյանն ասաց. «Ժողովրդավարական բոլոր ինստիտուտների այլասերման հաղթանակ էր սա: Կամ մենք ունենք հպատակ, հլու -հնազանդ ընտրազանգված, կամ ընտրությունները կեղծվում են: Այստեղ երկուսն էլ կան և պետք է տոկոսների մասին մտածել»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց. «Տեղամասերի 1/3-ում արձանագրվել են խախտումներ, ինչը ֆանտաստիկ մեծ թիվ է: Ամենամեծ խնդիրը կառավարվող, վերահսկվող, բաց քվեարկությունն է եղել: Քվեաթերթիկները տալու ժամանակ սկսել են մեկ կամ մի քանի քվեաթերթիկ տալ, կամ ընտրողն ասել է, թե ինձ միայն մեկն է պետք: Սարքերի խափանումները մեծ տոկոս են կազմում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ թեև խախտումների մի մասը եղել է ընթացակարգային, կրկնաքվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության թիվը նվազել է, բայց, միևնույն է, ընտրախախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա: Տեղամասերում լուրջ խնդիրներ են եղել կարգուկանոնի հետ կապված: Տեղամասերի 20 տոկոսում տևական ժամանակ գտնվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող մարդիկ: Նրանք տեսել են, թե ով եկավ, ոչ չեկավ, որ աշխատեն չեկածների վրա: Տեղամասերի 38 տոկոսում արձանագրվել է վիճաբանություն և ծեծկռտուք, 25 տոկոսում իշխանությունն ավելի շատ պատկանում էր ոչ թե հանձնաժողովի նախագահին,այլ վստահված անձանց:

Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը կատարվածի պատճառները տեսնում է կուսակցությունների մեջ. «Պատճառը կուսակցություն գաղափարի այլասերումն է: Այս գաղափարի ոչնչացումը: Պետք է կուսակցությունը հասկանա, որ ինքը գոյություն ունի ոչ թե մի քանի մանդատի համար, այլ պետք է ձգտի իշխանության: Նման կուսակցություն մենք չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930