Լրահոս
Օրվա լրահոսը

Շարլ Ազնավուր. «Ում էլ ժողովուրդն ընտրած լինի, ընդունելի է ինձ համար»

Ապրիլ 03,2017 15:42

Ապրիլի 5-ին Շարլ Ազնավուրը համերգ կունենա Կրեմլի համագումարների պալատում: Այս առիթով TASS-ի մամուլի սրահում ապրիլի 3-ին կայացել է նրա մամուլի ասուլիսը, որն ուղիղ էր հեռարձակվում: Շանսոնիեն Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարեց, որ ռուսաստանյան համերգին կհնչեն նույն երգերը, ինչ բոլոր համերգներին: Այս պահին նա 1400 երգ ունի, ասաց, որ ամեն օր երգ է գրում:

Ազնավուրը նշեց, որ հայրը վրացերեն եւ հայերեն էր խոսում, բայց ռուսերեն էր ստորագրում: «Ռուսաստան գալով, ինչ-որ իմաստով իմ նախնիների հայրենիք եմ վերադառնում: Ի դեպ, որոշել եմ ռուսերեն սովորել, հիմա էլ ինձ հետ գիրք եմ վերցրել»,-ասաց Ազնավուրը:

Հոլիվուդի փառքի ծառուղում իր աստղի բացման առիթով էլ նշեց.  «Կան մարդիկ, որոնք սնոբիզմից կամ այլ բաներից ելնելով` հրաժարվում են տարբեր պարգեւներից, ես միշտ ընդունում եմ դրանք, պարգեւները պատասխանն են իմ արածի…Օրինակ, ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգեւը երեք անգամ եմ ընդունել»: Նա անդրադարձավ իր հայկական ծագմանը, ասաց, որ բոլորը գիտեն այդ մասին, բայց նաեւ շեշտեց, որ իրեն անվանում են ֆրանսիացի երգիչ:

Շարլ Ազնավուրը շեշտեց, որ սիրում է իր աշխատանքը եւ ունկնդրին. «Եթե անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ կանգ կառնեմ, ես միշտ կգնամ դեպի իմ ունկնդիրը: Իմ ունկնդիրն ամենաերախտագետն ու նվիրվածն է, ունկնդիրն է մեզ կերտում, հարստացնում: Ունկնդրի շնորհիվ ենք երիտասարդ մնում: Դեռ չեմ մտածել կանգ առնելու մասին, որովհետեւ եթե մի օր չերգեմ, հաստատ կմեռնեմ»:

Շանսոնիեն հայտնեց, որ հայրը սիրում էր ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն երգեր երգել, ասաց, որ ռուսական մշակույթը նույնքան անդրադարձել է իր կարիերայի վրա, որքան իտալականը, իսպանականը: Ինչ վերաբերում է հայկական եւ պարսկական պոեզիային, դրանք իր վրա ավելի մեծ դեր են խաղացել, քան ֆրանսիականը:

Ազնավուրը հավելեց, որ Հայոց ցեղասպանության մասին երգ է գրում: Այդ առիթով նրա թուրք ընկերներն ասել են, որ կարող էր Հոլոքոստի մասին էլ գրել, իսկ Ազնավուրը պատասխանել է. «Արարքներ կան, որոնք մարդը չպետք է գործի ու տարբերվի կենդանուց»:

Ասուլիսի ժամանակ Հայաստանի ու քաղաքական թեմաներով հարցեր էլ հնչեցին: «Ես չեմ սիրում խոսել քաղաքականության, ընտրությունների մասին, որովհետեւ այնքան շատ հետաքրքիր թեմաներ կան: Եվ առաջարկում եմ ժողովրդին քվեարկել իմ օգտին: Մյուս կողմից էլ, ում էլ ժողովուրդն ընտրած լինի, ընդունելի է ինձ համար: Նաեւ չեմ սիրում այն մարդկանց, որ գնում են ուրիշ երկրներ եւ քննադատում են իրենց երկրների քաղաքականությունը»,- պատասխանեց շանսոնյեն:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930