Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տաճատ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներից տրամադրությունը գցել է:
«Չեմ կարողանում կողմնորոշվել՝ ինչ է կատարվել, դրա համար առայժմ ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, մի քիչ էլ տրամադրությունս լավ չէ, կներեք»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը:
Կոմկուսի մամլո քարտուղար, պատգամավորի թեկնածու Ասյա Օթարյանն էլ է հիասթափվել արդյունքներից, ըստ նրա. «Քանի որ ընտրակաշառքը շատ էր, մենք արդար էինք, մարդիկ էլ փողերը վերցրին, գեղեցիկ ընտրին՝ ում պետք էր: Դե ոչինչ, որ մեզ քիչ են ընտրել, մեր մահացող կուսակցության երիտասարդությունն է ընտրել եւ վերջ, շատ ծերեր կային, որոնք չեն կարողացել գալ, հիվանդ շատ ունենք, մեր երիտասարդ կադրերի ձայնն էր այդքան մեծ»:
Մեր հարցին՝ բողոքարկելո՞ւ եք ընտրության արդյունքները, ասաց՝ դեռ չեն քննարկել, որոշում չունեն. «Բայց մենք բավականին շատ ձայներ ենք հավաքել, միջոցառումներ ենք անցկացրել, իսկ ուրիշներն այդքան չէ, ուղղակի փող ունեին, համերգներ էին տալիս՝ փողոցները կեղտոտելով…մենք հինգ-վեց տոկոսի հույս ունեինք: Շատերն էլ դիմեցին իմ շրջկոմին, որ կուսակցության շարքերն ընդունվեն՝ վեց հոգի… Մենք արմատական ընդդիմություն ենք, բայց որ լեւոնականներն էլ չեն ընտրվում, դա արդեն շահեկան է մեզ համար, մեր երկիրը քանդեց Լեւոնը, կոմունիստների անվան դիմաց բիծ դրեց, հիմա էլ լավ է արտահայտվում, ասում է՝ կոմունիստներն ավելի լավն են, քան մյուսները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ