ԱՊՀ ՄՀՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լիլիա Երմոշինան, որը երեկ եղել է մի շարք ընտրատեղամասերում, կասկած չունի, որ ընտրությունների արդյունքներն արդար են: Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր նա ասաց, որ չնայած դրան՝ ընտրողների կուտակումները տեխնիկապես դժվարեցրին դիտորդների աշխատանքը. «Մեծ բազմություն էր լինում ընտրատեղամասերում»:
Դիտորդներից Իգոր Չերնիշենկոն էլ մատնանշեց ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերի խափանումները. «Ապագայում դրանք կարող են բացառվել»:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Բոլեսլավ Պիրշտուկը նշեց. «Ինձ թվում էր՝ բավականին բարդ է ընտրական գործընթացը, բայց տեսանք հստակ կազմակերպվածություն: ԸՕ-ն լավ ճակատագիր ունի: Մեր հայ գործընկերները մեկ քայլ առաջ գնացին»:
Կարդացեք նաև
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի խոսքով՝ մինչեւ քվեարկության օրը հանդիպել են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ խնդրել ընտրախախտումների մասին ահազանգերի դեպքում կապվել իրենց հետ, սակայն շոշափելի ահազանգեր այդպես էլ չեն ստացել:
Կայրատ Օսմոնալիեւի գնահատմամբ էլ՝ ընտրական գործընթացի ռիսկերը հաղթահարվել են. «Տեխնիկական սարքերի կողմից ընտրողներին գրանցելը բարձրացնում է քաղաքացիների վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ»:
Սիյաբշահ Շապիեւն էլ կարծիք հայտնեց, որ ստորագրված ցուցակների հրապարակումը հակասում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, բայց ըստ նրա՝ օրենսդրությունն ապահովել է ընտրությունների թափանցիկությունը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ