Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ կասկածներ ունենք՝ ընտրությունները չեն արտացոլում մարդկանց ազատ կամարտահայտությունը». դիտորդներն ամփոփում են ընտրությունները

Ապրիլ 03,2017 14:06

«Ավարտվել է ընտրությունների օրը, բայց ընտրական գործընթացներն ավարտված չեն, միջազգային հանրությանը կխնդրեի չշտապել շնորհավորել որեւէ կուսակցության»,- այսօր հայտարարեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:

Նույն նախաձեռնությունից Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ չնայած նոր ընտրակարգը պետք է բարձրացներ ընտրությունների նկատմամբ վստահությունը, իրենք արձանագրել են՝ դա տեղի չի ունեցել. «Լուրջ կասկածներ ու մտահոգություն ունենք՝ ընտրությունները չեն արտացոլում մարդկանց ազատ կամարտահայտությունը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից Դանիել Իոաննիսյանն էլ հայտնեց, որ բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք մտահոգության առիթ են տալիս. «200 տեղամասից հիսուն տոկոսում գրանցվել են վերահսկվող քվեարկության դեպքեր, այլ անձինք նայել են՝ ում է քվեարկում ընտրողը, սա չի վերաբերում սահմանված կարգով օգնողների գրանցմանը: Շատ տեղերում տեւական ժամանակ միայն այդպիսի քվեարկություն էր ընթանում, տեսախցիկի ու քվեախցիկի դասավորությունն այնպես է, որ գաղտնիության խնդիր է առաջացել, տեղամասերում առատ էին կուտակումները: Տարօրինակ է՝ երբ ամբողջ ազգի զգալի մասը կիրակի առավոտ ութին, ինին զարթնում է, գնում տեղամաս ընտրելու, սա բնական չէ, պետք է ունենա բացատրություն, իսկ մենք կասկածներ ունենք, որ որոշ կուսակցություններ ընտրողին առավոտ շուտ հանում, տանում էին տեղամաս, որ առավել շուտ պարզեին՝ իրենց ընտրողների որքան հատվածն է քվեարկել, որ օրվա ընթացքում դեռ չքվեարկածներին բերման ենթարկեն»:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լիլիա Շաբանովան այս ընտրությունները լուրջ առաջընթաց համարեց՝ համեմատելով նախորդ ընտրությունների հետ, որին նույնպես մասնակցել էր որպես դիտորդ: Ըստ նրա, քաղաքացիական հանրությունը հասել է ունիկալ արդյունքների, չնայած որ կային տեխնիկական խնդիրներ, որոշակի լուրջ խախտումներ, բայց նրա գնահատմամբ. «Լուրջ ձեռքբերում էր՝ ստեղծել այսպիսի օրենսդրություն, այսպիսի ընթացակարգերով»:

Նա նաեւ ասաց՝ վիճակագրական վերլուծություն են իրականացրել, որը կներկայացնեն ավելի ուշ: Իրենց վերլուծությունը ցույց կտա՝ ինչպես է փոխվել պատկերը հենց այդ ընթացակարգերի շնորհիվ:

Լիլիա Շաբանովան նաեւ նկատեց, որ «Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ կարող էր լինել երկրորդ փուլ, իսկ երկրորդ փուլը շատ հետաքրքիր կլիներ այս իրավիճակում, որը կա հիմա »:

Ինչպե՞ս է ստացվում, որ ԱՊՀ դիտորդների գնահատականով ազատ ու թափանցիկ ընտրություններ են անցել, իսկ տեղական դիտորդների գնահատականով՝ հակառակը, հարցին՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ գուցե ԱՊՀ դիտորդները համեմատում են նրա հետ, ինչ ունեն. «Ինչ ունեն Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, ՌԴ-ում, Բելառուսում, այդ երկրների համեմատ ընտրություններն այստեղ ազատ ու արդար են անցել, բայց ինչու ենք համեմատում այդ երկրների հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930