Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և Եվրամիության միջև. Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ «Իզվեստիա»-ին

Ապրիլ 03,2017 13:02

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 2-ին հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» թերթին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը դարձել է մոտ 183 միլիոն բնակչությամբ շուկա ունեցող «ակումբի» անդամ: «ԵՏՄ-ի ունեցած ներուժը ավելին է, քան մենք պատկերացնում ենք: Անդամակցությունը միությանը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում: Մեր արտադրանքի մեծ մասը արտահանում ենք ԵՏՄ-ի շուկաներ, որի կապակցությամբ արժե նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում ՀՆԱ-ի ցուցանիշն աճել է»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանը ԵՏՄ-ի առաջարկած ներուժն ամբողջությամբ չի օգտագործում, և երկիրը մտադիր է արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: «Հայաստանը նաև ձգտում է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական միությունների, օրինակ՝ ԵՄ անդամների, Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև»,-շեշտել է Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստանի ընտրությանը՝ հօգուտ Եվրասիական տնտեսական միության, նա նշել է, որ երկրի համար առաջին հերթին գրավիչ է եղել խոշոր և ըմբռնելի շուկան: «Ինչ վերաբերում է Եվրամիությանը, հարկ է նշել, որ այն Հայաստանի խոշորագույն դոնորներից և ներդրողներից մեկն է, ընդլայնելով համագործակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ, մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք սահմանափակումներ չունենք ԵՄ-ի հետ համագործակցության, ներդրումների և երկխոսության հարցում»,-հավելել է վարչապետը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը և ամենախոշոր ներդրողը: «Այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Եվ չնայած մեր հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է, մեր համատեղ ներուժը շատ ավելին է, և մենք նախատեսում ենք մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»,-ասել է նա:

Անդրադառնալով «Գազպրոմ» ընկերությունից հեռանալուն և ՀՀ վարչապետ դառնալու որոշմանը՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ես դրական եմ գնահատում «Գազպրոմի» իմ աշխատանքային փորձը և կարծում եմ, որ այդ ընկերությունը ամենահաջողվածներից է: Ինչ վերաբերում է ինձ, իբրև վարչապետի, ապա եթե ինձ վստահել են այդ պաշտոնը, ես կանեմ այն ամենն իմ ուժերի սահմաններում, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ գնացող և զարգացող երկիր: Երբ Հայաստանի նախագահը ստորագրեց իմ նշանակման մասին հրամանագիրը, նշեց քաղաքական բարեփոխումների անցկացման մասին: Ինձ վրա դրված էր երկրում փոփոխությունների անցկացման պատասխանատվությունը: Ես այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը,  առաջին հերթին դեպի լավն արված փոփոխությունն է, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա պահանջմունքն է: Երբեք չի լինի այնքան անթերի կառավարման համակարգ, որը չունենա փոփոխությունների կարիք: Ես ձգտում եմ կազմակերպել իմ գործն այնպես, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը:»

Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում փաստել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018թ., կքվեարկեն իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:

«Երբ մարդիկ անկեղծ հավատում ենք քեզ, հսկայական պատասխանատվություն ունես այդ մարդկանց համար: Ես հասկանում եմ դա և շատ պատասխանատու եմ վերաբերում դրան: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումները, որոնք սկսել ենք, և իմ կարծիքով՝ հաջողությամբ առաջ ենք մղում այս վեց ամիսներին:

Մեր կառավարությունը բաց է և՛ քննադատության, և՛ համագործակցության համար: Մենք ձգտում ենք վերականգնել վստահությունն իշխանության հանդեպ, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացում այսօրվանից սկսած տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք մեր երկրի կայացման հարցում: Շատ բան պետք է փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարևոր է:»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930