Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկ ջան, ի՞նչ թրաֆիքինգ, ուղակի խաբին քցին»

Ապրիլ 03,2017 11:35

Մեր օրերում ավելացել է արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը: Բոլորը վստահ են, որ իրենց ժամանակին և մինչև վերջ կվարձատրեն, բայց պատկերն այլ է լինում երբեմն: Մեր հասարակությունը չարաշահելն անվանում է «խաբել, քցել», որը ունի ավելի քրեորեն պատժելի և ճիշտ անվանում` թրաֆիքինգ:

Անդրանիկ Արզումանյանը տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, ինչպես ինքն է ասում. «ստաժավոր խոպանչի եմ` 100 տարի ա գնում աշխատում գալիս եմ: Էս տարի ա, որ խաբին քաշեցին»:

-Պարոն Արզումանյան անցած տարիներին ճիշտ ժամանակի՞ն էին վճարում:

– Չէ, ըլնում էր, որ ուշացնում էին, բայց մարդիկ չոտկի սաղ փագվում էին: Վատը էնի ա, որ ամեն տարի չենք էթում նույն մարդկանց մոտ: Ամեն տարի մի ուրիշ մարդա բրիգադ հավաքում, բախտի բանա՝ չես իմանում ով ա ըլնելու նաչալնիկտ:

Զրույցի ընթացքում Ա. Արզումանյանը պատմեց. «Ընկերս զանգեց, ասաց, որ նոր բրիգադ են հավաքում՝ բարձր աշխատավարձ են տալիս 45.000 ռուբլի, ուտելիքը, մնալն էլ իրանց վրա: Զանգեցի, խոսացի բրիգադիրի հետ, ասաց՝ ամեն ամիս չոտկի վճարում ենք:

Գնացի, ամեն ինչ լավ էր, ամիսը լրացավ՝ ասացին փող չկա` քցում էին էսօր վաղը, ու ըտենց մի 7 ամիս: Ասում էին՝ տուն էթալուց ռասչոտ կանենք`մի 7 ամիս աշխատել եմ, ստացել եմ 20.000 ռուբլի ընդամենը, մնացած 295.000 ռուբլին ասին գնացեք տուն՝ կուղարկենք, ու ըտենց էլ չուղարկեցին»:

– Ձեզ փաստորեն թրաֆիքինգի են ենթարկել ինչո՞ւ չեք դիմում ոստիկանություն:

– Աղջիկ ջան ի՞նչ թրաֆիքինգ, ուղղակի խաբին քցին, հո մենք գործ տվո՞ղ չենք՝ դիմենք ոստիկանություն:

295.000 ռուբլին հայկական դրամի համարժեքով կազմում է 2.360.000 դրամ և մեր համաքաղաքացին պատրաստվում է իր վաստակը կորցնի՝ միայն թե իր իրավունքները պաշտպանելը չվերագրեն «գործ տալուն»:

Այս թեմայի շուրջ զրուցեցի ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակից Նինա Փիրումյանի հետ: Ըստ խորհրդականի` թեման հրատապ է և շատ արդիական. «Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ նման դեպքերը շատ են, բայց քիչ է նման դեպքերի ընթացք տալը: Շատ քչերն են նման խնդրով մտնում դատարան, ավելի կողմ են ծանոթի կամ «գողակաների» օգնությանը դիմելը, որ իրենց «գործ տվող» չասեն, բայց ընտրած այլընտրանքային ճանապարհը իրենց այդպես էլ չի օգնում: Շատ եմ ցավում, որ նման մտածելակերպի մարդիկ կան, բայց ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց: Մեզ մոտ ավելի ծանր բռնության ենթարկված թրաֆիքինգի զոհեր են օրինակ` երեխաներին թրաֆիքինգի ենթարկելը, կանանց ստիպելը մարմնավաճառությամբ զբաղվելը և այլն: Մեր համաքաղաքացիները, եթե այդքան սկզբունքային են թող գոնե նախապես աշխատանքային պայմանագիր կնքեն հետագա խնդիրներից խուսափելու համար»:

Միացյալ ազգերի կազմակերպության Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության տվյալներով՝ 2013թ. դրությամբ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 232 մլն մարդ էր, որի 74%-ը աշխատանքային միգրանտներ էին, այն դեպքում, երբ 2010թ. 214 մլն միգրանտների 90%-ն էր լքել հայրենի բնակավայրը աշխատելու նպատակով: Վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես ընդունված է ասել, «տրանսֆորմացիոն» երկրներում շարունակաբար իրականացվող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խորը, հաճախ նաեւ արմատական բարեփոխումները, իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո նաեւ զարգացած երկրներում ընթացող սոցիալտնտեսական գործընթացները, հանգեցրին հասարակական կյանքի արմատական վերափոխումների, ինչն էլ դարձավ բնակչության, հատկապես` նրա աշխատունակ մասի միգրացիոն նոր ալիքի ձևավորման շարժառիթ:

Արմինե ՀՈՎԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930