Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացվեց նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը

Ապրիլ 03,2017 11:20

Երեւան, 03 ապրիլի, 2017թ.: Երեկ՝ ապրիլի 2-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացեց նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, որը կյանքի է կոչվել Ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ ծնողների՝ Վարդան եւ Գոհարիգ Օհանեսյանների: Կենտրոնի կառուցումը համաֆինանսավորել ԼՂՀ կառավարությունը:

Հանդիսությանը մասնակցելու նպատակով Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի եւ իր տիկնոջ ուղեկցությամբ Արցախ էր ժամանել բարերար Ռիշար Օհանեսյանը՝ տիկնոջ հետ: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Նորակառույց կենտրոնը կսպասարկի Արցախի եւ Հայաստանի հարավային շրջաններին: Եռահարկ ժամանակակից բուժհաստատությունում կգործեն ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակ, որտեղ կիրականացվեն արդի բուժական միջամտություններ եւ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնը նախատեսված է 35 հիվանդի համար: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն թե՛ վիրաբուժական եւ թե՛ թերապեւտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Բուժական այլ ծառայությունների անհրաժեշտության դեպքում հիվանդները ստորգետնյա անցումով կտեղափոխվեն հարակից Հանրապետական բժշկական կենտրոն: Նկուղային հարկում կառուցվել են լայնարձակ պահուստային հիվանդասենյակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների համար:

«Մեծ ուրախություն է տեսնել, որ օրեցօր Արցախը զարգանում է, ստեղծվում է նորը, բնակիչների կենսամակարդակն էլ զուգահեռաբար բարձրանում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է դարձել»,- ողջույնի խոսքում ասաց բարերար Ռիշար Օհանեսյանը, ով նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Հայաստան» հիմնադրամի արցախյան ծրագրերում ներդրած մեծ ավանդի համար:

«Պատահական չէ, որ այս կենտրոնի բացումը տեղի է ունենում ապրիլի 2-ին: Սա խորհրդանշական է եւ ուղերձ՝ բոլորին, որ պետք է շարունակենք կառուցել Արցախի հողում եւ մասնակցել նրա վերելքին»,- ողջունելով ներկաներին` ասաց Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

ԼՂՀ գլխավոր ուռուցքաբան, ուռուցքաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանն էլ ներկայացնում է. «Ժամանակակից առողջապահական կենտրոնի կարիք Արցախում վաղուց կար: Այստեղ տարվա կտրվածքով ուռուցքաբանական խնդիրներ ունեցող շուրջ 650 հոգի մասնագիտացված բուժման կամ վերահսկողության կարիք է ունենում: 60-ական թվականներից սկսած՝ այս հիվանդները սպասարկվում էին այլ նպատակով կառուցված մի շենքում, որը չէր համապատասխանում առողջապահական ոլորտի պահանջներին»:

Ֆրանսիայի տեղական մարմնի օժանդակությամբ բուժհաստատությանը կնվիրաբերվի կահույք եւ նորագույն բուժտեխնիկա: Արդեն տեղադրվել են մահճակալները: Առաջիկա շաբաթների ընթացքում էլ Արցախ կհասնեն անհրաժեշտ սարքավորումներ: Արցախի կառավարությունը Հիմնադրամի հետ համատեղ կշարունակի հոգալ մնացած կարիքները: Կենտրոնում արդի չափանիշներին համապատասխան բուժսպասարկում իրականացնելու նպատակով բուժմասնագետների մի խումբ ներկայումս վերապատրաստվում է Ֆրանսիայում: Հայ-Մեդ ֆրանսիական բժշկական կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը շարունակական կլինի:

Նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը, 2006 թ.-ին կառուցված պոլիկլինիկան /հովանավոր՝ ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմին/ եւ 2013թ.-ին կառուցված Հանրապետական բժշկական կենտրոնը /հովանավոր՝ Սամվել Կարապետյան/ միասին առողջապահական խոշոր համալիր են կազմում մայրաքաղաք Ստեփանակերտում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930