Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակիզվելու ցանկությունը չեն կարող բավարարել. օրենքը կա, դիակիզարան չկա

Ապրիլ 03,2017 14:00

Որեւէ գործարար ռիսկի չի դիմում ներդրում անել ու դիակիզարան կառուցել

Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` յուրաքանչյուր ոք կամավոր սկզբունքով կարող է հողին հանձնել կամ այրել իր մահացածի դին: Դիակիզարանի մասին այս օրենքը մեր երկիրն ընդունել է 2006 թվականին, սակայն այս 11 տարիների ընթացքում մեր քաղաքացիներից որեւէ մեկի մարմինը Հայաստանում չեն դիակիզել: Բանն այն է, որ եթե ցանկացողներ էլ կան, ապա դիակիզարաններ դեռ չկան: Հաշվի առնելով հայաստանցիների հոգեբանական առանձնահատկությունները՝ ոչ մի գործարար առայժմ ցանկություն չի հայտնել դիակիզարանի բիզնես անել, քանի որ վստահ չէ, որ այն կարող է եկամտաբեր լինել: Ամեն անգամ, երբ դիակիզարան կառուցելու մասին խոսակցություններն ակտիվանում են, եկեղեցու սպասավորները դեմ են արտահայտվում մահանալուց հետո մարդուն դիակիզելուն՝ իրենց դիրքորոշումը բացատրելով աստվածաշնչյան հորդորներով: Աշխարհիկ մասնագետներն էլ կարծում են, որ այլընտրանք կարող են լինել նաեւ դիակիզարանները, եւ ով որ տարբերակը ուզի` ընտրի: Այդուհանդերձ, հոգեբանները համարում են, որ մեր ժողովուրդը հոգեբանորեն դեռ պատրաստ չէ դիակիզվելուն կամ իրենց հարազատներին այդ ձեւով հրաժեշտ տալուն: Սակայն, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում էլ հսկայական տարածքներ զբաղեցնող գերեզմանատները ընդլայնվում ու ընդլայնվում են, եւ հող չունենալու խնդիր է առաջանում:

«Առավոտը» փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում` պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն դիակիզարաններ ունենալու մասին: Հարցված քաղաքացիների մեծ մասը կտրականապես դեմ արտահայտվեց դիակիզմանը. «Վայ, չէ, մեզ համար նույնն է, ինչ այրվես դժոխքի կրակներում»,- այսպես արձագանքեց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ պետք է մտածել եկող սերնդի մասին. «Միանշանակ համամիտ ենք, տարիներ հետո շուրջբոլորը գերեզմանատներ կլինեն, դիակիզումը, իր հերթին, նաեւ ավելի հիգիենիկ միջոց է»:

ՀՀ սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում), իսկ 8-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղիներում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով: Բայց եթե նույնիսկ հարազատները կամ հանգուցյալը (գրավոր տարբերակով) նման ցանկություն հայտնեն, միեւնույն է՝ օրենքի այդ պահանջը չի կատարվի:

«Դեռ 1975 թվականին կառավարությունը ծրագիր էր մշակել Հայաստանում դիակիզարան կառուցելու համար, դրա շուրջ բավականին խոսակցություններ սկսվեցին, հարցումներ անցկացվեցին. բնակչությունը դեմ չէր, բայց փաստը մնում է փաստ, որ մենք Հայաստանում այդպես էլ չունենք դիակիզարան»,- մեզ հետ զրույցում ասում է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը, որի տվյալներով՝ դիակիզարան ունենալու դեպքում կխնայենք գերեզմանների համար հատկացվող հողերի 70-80%-ը:
Դիակիզարան կառուցելու վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունները եղել են 2014 թվականին, բայց միջոցների սղության պատճառով այդպես ել կոնկրետ գործողություններ չիրականացվեցին:

Հարկ է նշել նաեւ, որ աշխարհի շատ քրիստոնյա երկրներում նույնպես դիակիզարաններ կան:

Սուրբ Աննա եկեղեցու հոգեւոր սպասավոր Տաճատ ավագ քահանա Դավթյանը խոսելով այս մասին՝ ընդգծում է հատկապես այն հանգամանքը, որ քրիստոնեությունը մեծ հարգանք ունի մարմնի նկատմամբ. «Մարմինը մարդու ներկայությունն է: Մենք հավատում ենք, որ այն պետք է հարություն առնի, այդ պատճառով թաղում ու հարգանքով այցելում ենք նրանց գերեզմաններին»:

Չնայած եկեղեցին դեմ է դիակիզմանը՝ Տաճատ ավագ քահանա Դավթյանը կարծում է, որ եկեղեցին պետք է վերանայի այս հարցը, քանի որ, ինչպես, օրինակ, Հունաստանում, մեզ մոտ էլ տարիներ հետո հողատարածքներ չեն մնա. «Դիակիզմանն էլ ըմբռնումով պետք է մոտենալ ու գիտակցել երեւույթի դրական կողմը»:

Բացի քրիստոնեական հավատքի խոչընդոտներից՝ մեր ազգային մտածելակերպին խորթ է նման երեւույթը, եւ բավական երկար ժամանակ կպահանջվի այդ մտքի հետ համակերպվելու համար: Այս կարծիքին է հոգեբան Աննա Բադալյանը: Ըստ նրա՝ մեր էթնիկական տեսակին եւ կրոնական դավանանքին հակացուցված է դիակիզումը, բայց ժամանակները փոխվելուն զուգահեռ՝ փոխվում են նաեւ պահանջմունքները. «Որոշ երեւույթներ, անկախ մեր ամեն ինչից, կարող են պարունակել կենսական առաջնայնություն. դիակիզումն էլ այդպիսի սոցիալական խնդիր է, որը, սակայն, հոգեբանորեն հիմա անընդունելի է: Անհրաժեշտ է զանգվածային թերապեւտիկ աշխատանք, որի արդյունքում կարող ենք հոգեբանորեն մեղմել ընդունելիի եւ անընդունելիի բախումը»:

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    «Մեր էթնիկ տեսակը» նաև հեթանոս է եղել, պաշտել է կրակը, այնպես որ մեզնից այնքան էլ հեռու չէ: Ողջ քրիստոնյա Եվրոպայում կան դիակիզարաններ, մարդիկ արդեն սովոր են: Հայաստանում եթե մի քանի հայտնի ննջեցիալի դիակիզում անեն, մյուսները ավելի համաձակ կդառնան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930