Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվի, արժանապատվության հայցով դիմել են դատարան՝ ռուսալեզու լրատվամիջոցի դեմ

Ապրիլ 03,2017 12:30

Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է
ընդամենը փաստական տվյալների շարադրանք

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը մարտի 20-ին հրավիրել էր «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Աշոտ Արամյանի դեմ Գագիկ Գեւորկյանի հայցադիմումով նախնական դատական նիստը:

Վիճարկվում է 16.11. 2016 թվականի https://www.golosarmenii.am (էլեկտրոնային կայքում) հրապարակված «Երրորդ եղբա՞յր» (Третий брат?) վերնագրով հոդվածը:
Հայցվորի գնահատմամբ, այս հրապարակմամբ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը: Նա խնդրել էր դատարանից պարտավորեցնել լրատվամիջոցին հերքել «արատավորող զրպարտչական տեղեկությունները», իսկ «Գոլոս» ՍՊԸ-ից, Աշոտ Արամյանից հօգուտ իրեն բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում, տեղեկատվության տարածման հետեւանքով հայցվորին պատճառված գույքային վնասը «Գոլոս» ՍՊ ընկերությանը, Աշոտ Արամյանին փոխհատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Լրատվամիջոցը դատարան է ուղարկել իր առարկությունները: Ըստ պատասխանողի, «հայցի հիմքում նշվել է ընդամենը մեկ փաստական տվյալ, առ այն, որ 16.11.2016 թվականի https://www.golosarmenii.am (էլեկտրոնային կայքում) հրապարակված «Երրորդ եղբա՞յր» (Третий брат?) վերնագրով հոդվածում տեղ գտած, հայցում ընդգծված, թվով հինգ դրվագ չեն համապատասխանում իրականությանը»:

Հինգ դրվագներն են. 1. «խոստացված ներդրումները իր կողմից չկատարվեցին (կողմերը պարտավոր էին դրանք ներդնել հավասար չափերով)»,
2. «ռուս գործընկերոջ անսպասելի պահվածքին, ով հրաժարվեց բոլոր խոստումների եւ ստորագրված պարտավորությունների կատարումից»,

3. «Գ.Գեւորկյանն անօրինական փոխանցեց ընկերության բանկային հաշվի վրա ունեցած միջոցների ամբողջ մնացորդն անհայտ հաշիվների, ընդ որում՝ առանց իր կանադացի գործընկերներին նախապես ծանուցելու կամ նրանցից թույլտվություն ստանալու»,

4. «Արբիտրի վերջնական վճռի համաձայն` ռուս գործընկերոջը կարգադրված էր, ընդհանուր առմամբ վճարել մոտ 105 հազար ԱՄՆ դոլար կանադական կողմի օգտին, քանի որ ակնհայտ է, որ կանադական կողմը ձեռնարկությունում ավելի մեծ չափով ներդրում է կատարել, քան Գեւորկյանը»

5. «Գ.Գեւորկյանը եւ իր Մոսկվայի «Էստետ» կազմակերպությունը հրաժարվեցին արբիտրի կարգադրության կատարումից, մեղադրեցին նրան կողմնակալության մեջ եւ հայտարարեցին իրենց նոր պահանջների մասին…»:
Լրատվամիջոցը գտնում է, որ զրպարտության տարր այս դրվագներում գոյություն չունի, քանի որ «Հիշատակված դրվագներում տեղ գտած տեղեկատվությունը հենված է եղել արբիտրի համապատասխան որոշմանը եւ դրա հետագա կատարմանը կամ կատարման բացակայությանը»:

Ի դեպ, հունիսին նշանակված նախնական դատական նիստին լրատվամիջոցը դատարանին կներկայացնի արբիտրի հիշյալ որոշումը:
Դատարանին կներկայացվի նաեւ հայցվորի մասնակցությամբ կնքված մի պայմանագիր, որով հայցվորը պարտավորվել էր նույնչափ ներդրում կատարել GEMEST ընկերությունում, որքան նրա կանադական գործընկերը:
Վիճարկվող հինգերորդ դրվագի հետ կապված լրատվամիջոցը պնդելու է, որ «տեղեկատվությունն իրենից ներկայացնում է ընդամենը փաստական տվյալների շարադրանք», եւ որ բացառապես տնտեսական թեմաներով գրող բազմափորձ լրագրողը ներկայացրել է ոչ միայն արբիտրի եւ կանադացի գործընկերների տեսակետը, այլ նաեւ հայցվորի տեսակետը, ինչպես նաեւ պատճառաբանությունը, թե ինչով է պայմանավորված արբիտրի որոշման չկատարումը:

Նշյալ հրապարակումը պատրաստելիս լրագրողը ստացել էր տեղեկատվություն պայմանագրի կողմ հանդիսացած կանադացի գործընկերոջից:
«Եթե հայցվորը համարում է, որ դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, կնշանակի, որ նա պետք է ներկայացնի դատարանին արբիտր Վարանդ Գյուջյանին 10 դեկտեմբերի 2015 թվականի արբիտրային վերջնական որոշման կատարման մասին ապացույցը, որը կարող է տիրապետել միայն ինքը` հայցվորը: Հակառակ դեպքում դատարանը պետք է արձանագրի հայցով ներկայացված դրվագներից հինգերորդով զրպարտության բացակայություն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ»,- առարկություններում գրել էր պատասխանող կողմը:

Ի դեպ, ռուսալեզու լրատվամիջոցն իր տրամադրության տակ ունի լրագրողին հասցեագրված մի նամակ՝ հայցվորի գործընկերներից: Այն իբրեւ գրավոր ապացույց կներկայացվի դատարան: Աշոտ Արամյանն «Առավոտին» ասաց, թե կապ էր հաստատել Տորոնտոյում իր աղբյուրի հետ, նյութի փաստերի ճշտում կատարելու նպատակով:
Հայցվորը չի պահպանել նաեւ արտադատարանական կարգը, եւ մեր գործընկերների միջնորդությունն այս կապակցությամբ չի ուշացել. գործի վարույթը ենթակա է կարճման միայն այդ հիմքով. «Սակայն եթե դատարանն այնուամենայնիվ համարի, որ հայցվորը նույնիսկ այս պայմաններում իրավասու էր հայց հարուցել դատարանում, ապա հայցադիմումը ենթակա էր մերժման զրպարտության դեպքի բացակայության հիմքով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-ԶԼՄ օրենքի համաձայն, անձին իրավունք է վերապահված հերքում տարածելու եւ իր պատասխանը հրապարակելու հայցով դատարան դիմել բացառապես այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվել է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտել է դրանք հրապարակելու օրենքով սահմանված կարգն ու ժամկետները: Աշոտ Արամյանն «Առավոտին» ասաց, թե Գագիկ Գեւորկյանը չի դիմել իրենց հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով, հետեւաբար, չի պահպանել օրենքով նախատեսված արտադատարանական կարգը, ուստի եւ նրա դատական պաշտպանության իրավունքի հարց չի ծագել կամ չի կարող ծագել:

 

«Առավոտ»

01,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930