«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության երեկոյան ասուլիսին մասնակցեցին նաեւ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած սփյուռքահայ անվանի գործիչներ, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նրանց հետ Հայաստանի մարզերում եղել է նաեւ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը: Վերջինը ասուլիսին ներկա չէր, սակայն Էրիկ Նազարյանը ընթերցեց նրա հայտարարությունը:
Թանկյանը նշում էր, որ իրենք այցելել են 12 ընտրատեղամաս. Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում, Մարալիկում, Ազատանում, Թալինում, Աշտարակում, և Երևանում:
«Ամենամեծ ընտրախախտումը մենք տեսանք և արձանագրեցինք Սպիտակում: Հանձնաժողովի անդամը կանգնած էր անմիջապես ընտրախցիկի կողքին և զրուցում էր ընտրողի հետ: Հետո նա վերցնում էր չօգտագործված քվեաթերթիկներն այլ ընտրախցիկից ու ինքն էր դրանք հեռացնում, նա նաև շատ մոտիկից խոսում էր ներս մտնող յուրաքանչյուր ընտրողի հետ: Ականատես եղանք տարբեր տեսակի խախտումների, անփութությունների, խառնաշփոթի: Որոշ տեսանկարահանման սարքեր, կարծես, չէին աշխատում, երբ մենք օնլայն հետևում էինք»,- արձանագրել էր Թանկյանը ու նաեւ ընդգծել, որ իրեն չի հաջողվել անճանաչ մնալ, այդ պատճառով էլ հնարավոր է, որ շատ ընտրախախտումները նախօրոք կանխվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ