«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները այսօր ժամը 07:00-ից 20:00-ի դրությամբ 1521 ընտրատեղամասերում արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի եւ ընդհանուր բնույթի 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են: Այս մասին նախաձեռնության անդամներ Լեւոն Բարսեղյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին տեղեկացրին ուշ երեկոյան հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ նրանց ներկայացման, ցերեկն արձանագրված տարբեր բնույթի խախտումների թվական աճ է կա:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ իրենց դիտորդներն աշխատելու են նաեւ գիշերը եւ ստացվելիք տվյալները այս պահին ձեռքի տակ ունեցած փաստերի հետ համադրելով՝ վաղը կհրապարակեն ավելի ամբողջական տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, երեւույթին գնահատական տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ բացահայտվեցին այսօրվա քվեարկության ընթացքում եւ այդ նպատակով նախաձեռնությունն այդպիսի մի քանի քարտեզագրում արել է:
Այս ընտրական օրենսգրքով քվեարկության բավականին բարդացված կարգ է նախատեսված, ինչը խնդիրներ է առաջացնում, ոչ միայն ընտրողների, այլեւ վերահսկողություն իրականացնող դիտորդական առաքելությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Եվ այդ պատճառով բավականին դանդաղում էր քվեարկության ընթացքը, տեղամասերում եւ դրանց առջեւ հերթեր եւ կուտակումներ էին առաջանում:
Ակնհայտ էր քվեարկության կամ ընտրողի ազատ կամքի նկատմամբ վերահսկողության հանգամանքը եւ այդ ուղղությամբ բազմաթիվ արձանագրություններ կան:
Ոստիկանությունը, որի վրա օրենքով անմիջական պարտականություն է դրված ցրելու կուտակումները, վերացնելու ուղղորդումները, սեփական նախաձեռնությամբ չի ձեռնարկել գործողություններ:
Հերիքնազ Տիգրանյանը ուշադրություն հրավիրեց նաեւ մասնակցության թվի հետ կապված ԿԸՀ հայտարարության վրա, ըստ որի նախնական տվյալներով մասնակցել է ընտրողների 60,86 տոկոսը, կամ մոտավորապես 1 մլն 574 հազար մարդ: «Եթե մեկ այլ մեթոդաբանությամբ հաշվարկենք տեղամասերում ընտրողների մասնակցության ժամաքանակի հնարավորությունը, ստացվում է, որ մեկ ընտրողը տեղամասում քվեարկությունը կատարել է 50-60 վայրկյանում, որը ֆիզիկապես հնարավոր չէր տեխնիկական նորամուծությունների պատճառով: Դա նշանակում է, որ տեղի են ունեցել ընտրություններից շեղված այլ երեւույթներ»,-ասաց նա:
Տիգրան Եգորյանը նշեց, որ սրանք նախնական դիտարկումներ են, քանի որ հաղորդումները շարունակում են ստացվել եւ ճշտվել: Նա անդրադարձավ քվեածրարների վրա եւ դրանց միջից դուրս բերվող անհատականացնող եւ քվեարկության վրա հսկողություն իրականացնելու հնարավորություն ընձեռող տարբեր նշումների մասին: Նա հատուկ կարեւորեց պետության կողմից իր պարտավորությունների շրջանակներում բոլոր պաշտոնական փաստաթղթերում արձանագրված կամ չարձանագրված խախտումների կամ դեպքերի փաստերով արդյունավետ քննության իրականացումը, ինչի վերաբերյալ ինքը լրջագույն կասկածներ ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ