Aravot.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Մելիք գյուղից: Մեր տեղեկություններով, ձայների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արշակ Դավթյանը «գողացել» է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր`Նաիրի Սահակյանի, նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված Արագած Ախոյանի ձայները: Հանձնաժողովի նախագահը, մեզ հասած տեղեկություններով, այդ ձայները «նվիրել է» Արագածոտնի գազի գրասենյակի տնօրենի որդուն`Ռոլանդ Հայրապետյանին: Նա եւս այս տարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից է:
Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, հանձնաժողովի նախագահ Արշակ Դավթյանը հերքեց սույն տեղեկությունը: Նա ասաց, որ նման բան չի եղել, որ իրենց տեղամասում ամեն ինչ կազմակերպվել է օրենքով: Նաեւ տեղեկացրեց, որ սույն դեպքի առիթով, Նաիրի Սահակյանի եւ Արագած Ախոյանի վստահված անձինք արձանագրություն են կազմել, բայց ինքը որեւէ խնդիր չունի: Հանձնաժողովի նախագահին չի կաշկանդում նաեւ այն, որ հնարավոր է այդ տեղամասում վերահաշվարկի պահանջ ներկայացվի: «Ես ոչ մի խնդիր չունեմ, թող պահանջեն, ամեն ինչ նորմալ ա»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ