«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: 21/05 տեղամասում պատճառաբանել են, որ դա օրենքով նախատեսված չէ, իսկ 31/49 տեղամասում հանձնաժողովի նախագահն ասել է, որ միայն մեկ օրինակ է սարքը տպում, այն էլ ՏԸՀ են ներկայացնելու:
Դիտորդների պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է միջադեպի մասին գրառում կատարել գրանցամատյանում: Միջադեպի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
Նշենք, որ ՀՀ Ընտրական Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի՝ տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով:
Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ