«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում նշեց. «Բազում ահազանգեր ունենք, որ երկու ուժեր՝ ՀՀԿ-ն եւ Ծառուկյան դաշինքը ընտրակաշառք են բաժանում, որը նրանք անվանեցին նվիրատվություն կամ Ծառուկյանի հոգու արտացոլանք: Մենք հասկացանք, որ այս ընտրությունները չեն խոստանում տարբերվել նախորդներից: Ցավոք սրտի, բազում տեղամասերում մեր դիտարկումները ցույց էին տալիս, որ քաղաքական ուժերը կարողանում են վերահսկել քվեարկության ընթացքը:
Մարդկանց մի զգալի քանակություն պահանջում էր ուղեկցություն, պատճառաբանելով, որ միայնակ չեն կարող կատարել քվեարկություն, ընդ որում, այդ ուղեկցությունների արդյունքում իրենք քվեարկել են այնպես, ինչպես իրենց թելադրել են»:
Ստյոպա Սաֆարյանը փաստեց, որ այս անգամ մայրաքաղաքում էլ են կարողացել վերահսկել քվեարկության ընթացքը. «Կոնկրետ 2/1 տեղամասում լույսերն անջատված են եղել, մեր վստահված անձինք ուղղակի ստիպված նստած են եղել քվեատուփերի վրա: Տարբեր տեղամասերում անջատվել են լույսերը, ընտրողների մեծ հոսք է եղել, լավ է, որ ծեծկռտուքներ, քաշքշուկներ չեն արձանագրվել: Մեր շտաբի տարածքում տեսնում էինք, թե ինչպես են ընտրողները ուղեկցող անձանց հետ տաքսիներով վերին աստիճանի կազմակերպված գնում քվեարկելու: Մարզերի մի շարք վայրերից էլ տեղեկություններ էին ստացվում, որ գործ ունենք բաց քվեարկության հետ»:
«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը տարակուսանք է հայտնում ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշի վերաբերյալ. «Վախենամ 90 % մասնակցության մասին է խոսքը՝ Հայաստանում առկա բնակչության թվով, իսկ սա անբնական երեւույթ է»:
Կարդացեք նաև
Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմանը, թե ընտրախախտումները էական չեն եւ չեն կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի