Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը «Մեդիա կենտրոնում» բնորոշելով խորհրդարանական ընտրությունները՝ նախ դրանք անբարոյականության որակեց ապրիլի 2-ին անցկացնելը, ապա հավելեց. « Մինչեւ ժամը մեկը-երկուսը ոչ մի հեռարձակում չէր աշխատում, փաստորեն, օրենքի դրույթը ընտրությունների կեսի ժամանակ խախտվել է, այդ ժամանակ էլ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, հենց այդ շրջանում են մարդկանց բերել: Այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չէր կարողանում վերահսկել, թե տեղամասերում ինչ է կատարվում: Դրա համար էլ օրվա կեսից մեր դաշինքը հայտարարություն է արել ընտրությունների ընթացքի մասին»:
Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ, խախտվել է ընտրությունների գաղտնիությունը, եւ նախկին ընտրություններում այս չափի ուղղորդվող քվեարկություններ չեն եղել: «Դեպքեր կային, որ մարդիկ կանգնած էին քվեարկողների հետեւում եւ վերահսկում էին ընտրողների քվեարկությունը, եւ դա ձեւակերպվում էր որպես ընտրողին օգնելու միջոց: Մեր ներկայացուցիչները դիմել են հանձնաժողովների նախագահներին, սակայն նրանք հրաժարվել են վստահված անձանց ասածները արձանագրելուց, ոստիկանները նույնպես չեն արձագանքել: Տեղամասերում հայտնաբերել ենք ծրարներ, մարդկանց ստիպել են անգամ քվեարկած ծրարներով ներս մտնել: Բոլորն էին նշում համատարած կաշառքի մասին:
Ամենամեծ խախտումը, սակայն, դա մասնակցության բարձր տոկոսն է՝ շուրջ 60 %՝ 1,6 մլն մասնակցություն: Հայաստանում այդքան ընտրող գոյություն չունի, կան վիճակագրական պարզունակ հաշվարկի ձեւեր՝ ամեն հարյուրից 65% -ն է քվեարկում: Սա կեղծիքների եւ խաբեության ռեկորդ է: Հայաստանի իրական քվեարկողների թիվը չի կարող անցնել 1.3 միլիոնը: Ակնհայտ է, որ շատ տեղամասերում ոչ միայն հարյուր տոկոս մասնակցություն է եղել, երեւում է նաեւ, որ առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկվել»,-հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի