Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը՝ ընտրությունների մասին. «Վերջին օրերին ֆեյսբուքյան գովազդի գները կրկնակի աճել էին»

Ապրիլ 02,2017 20:36

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Գեղամ Վարդանյանը ապրիլի 2-ին «Մեդիա» կենտրոնում  խոսեցին ընտրությունների լուսաբանումների մասին:

Բորիս Նավասարդյանը  նշեց, որ 2012 թվականից հեռարձակվող ԶԼՄ-ները հանվել են ընտրողների վրա ազդելու զինանոցից, այդ միտումը շարունակվել է նաեւ այս տարի: Ըստ նրա, դա պայմանավորված է ընտրական օրենսգրքի առանձնահատկությամբ, ըստ որի, հեռուստաընկերությունները պարտավոր են հավասարակշիռ լուսաբանում ապահովել, անկախ նրանից որեւէ ուժ կամ թեկնածու անցկացնում է ակտիվ քարոզարշավ, թե՞ ոչ:

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ քարոզարշավի ընթացքում տեղ գտած իրավախախտումներին:  Նա փաստեց, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ Կոնդում բռնություն է կիրառվել, անգամ araratnews-ի թղթակցի մազերից են քաշել, եղել են եւս 5 խոչընդոտումներ: Նրա ձեւակերպմամբ, Էլեկտրիկ Երեւանի դեպքերից հետո  մի տեսակ մերժողական վերաբերմունք կա ԶԼՄ-ների հանդեպ: Աշոտ Մելիքյանը նողկալի որակեց մթնոլորտը, նշելով, որ հասարակությունը դեգրադացված է, ինչը խանգարում է ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությանը:

Սամվել Մարտիրոսյանը խոսեց համացանցում քարոզչական նյութերը «կիսելուց», փաստեց, որ  Ֆեյսբուքի գովազդի գինը վերջին օրերին երկու անգամ աճել էր: Մեդիափորձագետը նկատեց, որ լռության օրը չի պահպանվել ֆեյսբուքում, վճարովի գովազդը շարունակել է մնալ: Ինչ վերաբերում է Թվիթերին, Սամվելի Մարտիրոսյանի ասելով, մի շարք հայկական հաշիվներ արգելափակվել են: «Ես ենթադրում եմ, որ դա Հայաստանից չի արվել: Միշտ Ադրբեջանում այս օրերին փորձում են խլել մեր հեշթեգը, իրենք սկսում են մեր թեգերով իրենց նյութերը գրել: Երկու օր առաջ էլ թեմայի մեջ են մտել ռուսաստանցիներ կամ գուցե ուկրաինական հետք է,  որ  USIAD-ի կեղծ նամակն էին տարածել՝ իբր ԱՄՆ-ը փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների վրա»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Գեղամ Վարդանյանն անդրադարձավ ԶԼՄ-ների խմբագրական եւ եթերային քաղաքականությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930