Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ապրիլի 2-ին Մեդիա կենտրոնում անդրադառնալով ընտրությունների ընթացքին` մի շարք խախտումներ նշեց ու նաեւ դիտորդական առաքելություններ իրականացնող ՀԿ-ների անուններ, որոնք աշխատել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի օգտին: Ավետիք Իշխանյանի թված կազմակերպությունների թվում են՝ «Լիարժեք կյանքը», « Ժողովրդական գործընթացները», «Եվրասիական ինտեգրացիա», «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոնը» եւ այլն:
Նա փաստեց էլեկտրոնային սարքերի մասսայական խափանման, բաց քվեարկության, վստահված անձանց՝ վկայական չկրելու մասին: Նշեց, որ օրինակ` Աջափնյակում Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոնի դիտորդը ճանաչում էր ընտրազանգվածին եւ ուղղորդում, իսկ Միացյալ առաջնորդների պալատից մեկ ընտրատեղամասում ներկա են եղել երեք դիտորդ, մեկին հեռացրել են, բայց նորից հետ է եկել:
«Ուղղորդումները չափից շատ են, քվեախցիկների հետեւում բաց դուռ է եղել, շատ տեղերում տեսախցիկները չեն աշխատել, քվեախցիկի հետեւում պատուհաններ են եղել՝ չծածկված վարագույրներով: Զվարճալի դեպքեր էլ են գրանցվել, օրինակ, եղել է սեւ ակնոցով տղամարդ, որին օգնող է եղել, հետո օգնողը մի կողմ է գնացել, ու Պանիկովսկու օրինակով այդ սեւ ակնոցավորը նորից սկսել է տեսնել: 6/43 տեղամասում «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատի մտավոր խնդիրներ ունեցող բնակիչներին ձեռքներից բռնած քվեարկել են տվել ՀՀԿ-ի օգտին: Մեկ այլ տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է մեր դիտորդին, որին առանձին կանդրադառնանք»,-ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:
Ապա հավելեց. «Առանձնապես տարբերություն չեմ տեսնում այս եւ նախորդ ընտրությունների միջեւ: Ոչ իրավական պետության մեջ, երբ դատաիրավական համակարգը գտնվում է իշխող ուժի ձեռքում, պետք չէ սպասել, որ ընտրակեղծարարները կպատժվեն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ