Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր թաղամասում՝ Սլաբոդկայում գտնվող թիվ 6-րդ դպրոց եկավ քվեարկության իր գեղեցկուհի թոռնուհու հետ։
Նա դժգոհեց, որ շատ են բարդացրել քվեարկության ընթացքը, ամենայն հավանականության այն պատճառով, որ մարդիկ քիչ մասնակցեն։
Aravot.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մեր երկիրը, հանուն ինչպիսի՞ ապագայի քվեարկեցիք, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ես քվեարկեցի մեր երկրի ապագայի համար, որ երկիրը շենանա, լույս տեսնենք, հույսներս չկոտրվի, հույս ունենաք առ Աստված և ապագայի նկատմամբ։ Այս մանուկների համար քվեարկեցի (ցույց տվեց իր թոռնուհուն)։ Այսօր ապրիլի 2-ն է, այն հարյուր զինվորները, որոնք նահատակվեցին Հայոց երկրի համար, իրենց հոգիները հիմա ճախրում են և էստեղ են, որ տեսնեն մեր երկիրը իրոք մաքուր ձեռքերի մեջ է գտնվում։ Եվ իրոք այն ղեկավարները, որոնք գրպանի ու որովայնի համար են աշխատում, դրանք թող ռադ եղնեն, գնան…Թող բարեպաշտները գան, Սուրբ գրքի մեջ, երբ որ աղոթում են, ասում են՝ տուր մեզ բարեպաշտ թագավոր և Աստվածասեր իշխաններ, թող Աստված մեզ տա Ազգային ժողովի բարեպաշտ, հայրենասեր սիրտ ու հոգի,խիղճ ունեցող պատգամավորներ, որպեսզի բոլորիս վիճակը լավ լինի»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Վարդան Ղուկասյանն ասաց․«Ես կարող եմ մի բան ասել՝ այն կարգախոսները, որ կան ՝ իմ հետևից ժողովուրդն է, արդար, մաքուր, շիտակ, ժողովուրդն է կանգնած իմ կողին, հիմա տեսնենք ժողովո՞ւրդն է, թե՞ Սատանան է, թե՞ գումարներն են, թե՞ կեղծիքն է, այ հիմա բոլորը տեսնում են․․․»։
Նունե ԱՐԵՎԱՇՏՅԱՆ