Վանաձորի թիվ 23/06 ընտրատեղամասում գրանցված է 1910 ընտրող: Այստեղ ժամը 17:50-ի սահմաններում քաղաքացիական պարտքը կատարել էր 910-ը: Նրանց օգնելու համար գրանցամատյանում հաշվառվել էր 40 քաղաքացի:
Ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Գայանե Պետրոսյանն այս ամենի մեջ միտվածություն է տեսնում. «Բավականին միտվածություն եմ տեսնում խախտումների՝ հենց օգնողի կարգավիճակում: Որովհետեւ շատ հիվանդ մարդիկ, որ երբեմն ի վիճակի են լինում ընտրություն կատարելու, օգնության են դիմում: Սա կասկածի տեղիք է տալիս»:
Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին, քաղաքացիներից մեկը բարձրաձայնեց, որ «6» համարի քվեաթերթիկի փոխարեն տվել են 2 հատ «7» համարի քվեաթերթիկ:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Արփինե Ներսիսյանի խոսքով, սա նման երկրորդ դեպքն է: Բարձրաձայնելուց հետո խնդիրը վերացվել է. «Եթե նման շփոթություններ լինում են, դիմում են եւ արագ շտկվում է»:
Այս ընտրատեղամասում մեր գտնվելու պահին փչացել էր նաեւ մատնահետք ստուգող էլեկտրոնային սարքը. «Մինչեւ այս պահը նորմալ աշխատում էին, հիմա մի փոքր անսարքություն է առաջացել, որի համար դիմել ենք տարածքային ընտրական հանձնաժողով: Մեզ ասել են, որ քանի որ կուտակումներ չկան, չենք անդրադառնում համարակալված կտրոններին, եթե անհրաժեշտություն լինի էդ դեպքում համարակալված կտրոններով կաշխատենք, մինչեւ սարքավորումը կաշխատի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ