Գյումրու «Գծի հետև» կոչվող թաղամասում ընտրությունները, ինչպես միշտ, անցնում են խիստ լարված։ Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի դիմաց ընտրողներին տաքսով էին տեղ հասցնում, թաղի տղաներն էլ, ոչ միայն բակում էին իրավիճակը «հսկում», այլ ելումուտ էին անում դպրոց՝ տեսնելու, թե ընտրողներից ով է ներկայացել, հերթը ուր է հասել։
Ի դեպ, բանը հասել էր, որ սալյակում գամված մարդկանց էին մի կերպ բերում հասնում ընտրատեղամաս։
Այստեղ գլխավոր դերակատարներից մեկը ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն էր։ Նա հայտնի է դեռ 5 տարի առաջ Գյումրու կենտրոնում՝ Վարդան Ղուկասյանի եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց հնչած կրակոցներին ունեցած իր մասնակցությամբ։ Ղուկասյանի որդու ու Էդգարի վիճաբանության թեման եղել էին ՏԻՄ ընտրությունները, միայն թե Սպարտակը նրանից հաշիվ էր պահանջել, թե ինչու էր իր վաղեմի ընկերն անցել Սամվել Բալասանյանի կողմը։
Կարդացեք նաև
Ինչևէ, այս անգամ էլ վերջինս մտնում էր հերթ կանգնած մարդկանց արանքը, հարցուփորձ անում, մեր տեսախցիկն արձանագրել է այդ պահը։
32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանն ասաց, որ 12․45 րոպեից մարդկային կուտակումները շատ են եղել, դիմել է ոստիկաններին, սակայն պատճառաբանել են, թե մեր ուժերը չեն բավարարում։ Հանձնաժողովի նախագահն էլ ոստիկանական այլ ուժեր է պահանջել։ Նա ասաց, որ ավագանու անդամը, որը տվյալ թաղի բնակիչ է, ընտրասենյակ է մտել՝ որպես ընտրող, հետո ներս է մտել երկրորդ անգամ, վստահված անձը անմիջապես զգուշացրել է, և երբ ինքը ցանկացել է արձանագրություն կազմել, ավագանու անդամն արագ հեռացել է։
Մեզ հետ զրույցում Էդգար Մկրտչյանը չցանկացավ նկարահանվել, սակայն իր ելումուտը արդարացրեց նրանով, որ կանգնած ոստիկանները չեն կարող կարգ ու կանոն հրավիրել, մի ճամփա էլ չեն բացում հերթի մեջ, որ մարդիկ քվեարկեն, կարողանան դուրս գալ, հետևաբար և ինքն է կարգ ու կանոն հաստատում։ Ըստ նրա, բազում տարեց մարդիկ ու հղի կանայք կան քվեարկողների մեջ, վերջիններիս համար անհարմար վիճակ է ստեղծվում։
Մեր հարցին՝ ո՞վ է ձեր թեկնածուն, ավագանու անդամն ասաց՝ Մարտուն Գրիգորյանը;
Նշենք, որ այստեղ հերթ կանգնելիս՝ մարդիկ իրոք շնչահեղձ էին լինում, դժգոհում էին, որ մի ժամից ավելի է, հերթ են կանգնել, սակայն ներս մտնել չի լինում։ «Հո ձեզ զոռով չեն բերել ընտրության»,- ասում էր հանձնաժողովի նախագահը հերթ կանգնածներին, որին ի պատասխան՝ վերջիններս ասում էին, որ թեև եկել են ընտրության, բայց միևնույնն է՝ երկրում ոչինչ չի փոխվի, հույսները կտրել են ամեն ինչից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այստեղ կեղծիքների է դիմում Արման Սահակյանը: