Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Որեւէ դատավոր որեւէ հայց չի բավարարի, կտան բերանները կջարդեն»

Ապրիլ 02,2017 17:32

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնի հերթական հյուրն էր: Նա դիտորդական առաքելություն է իրականացնում որպես համակարգող խմբի անդամ:

Խոսելով ընտրությունների մասին՝ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ ժամը 17-ի դրությամբ արձանագրված խախտումների թիվն անցնում է հազարը` չհաշված տեխնիկական նորամուծություններից բխած հետեւանքները:

Բանախոսի խոսքով, այս ընտրությունների իրավազանցությունները չեն տարբերվում նախորդ ընտրությունների խախտումներից՝ մարդկանց կուտակումներ, ընտրողների ուղղորդումներ, կառավարվող քվեարկություն՝ամենատարբեր դրսեւորումներով: «Ինը քվեաթերթիկ է տրվում, մինչդեռ ընտրողների մի մասը հրաժարվում է բոլոր քվեաթերթիկները վերցնել, ինչով, ըստ էության, հաստատում են պատվերը, օրինակ Զոլաքարի 26, 27, 29 տեղամասերում ճնշում է եղել, բաց քվեարկություն…»,-փաստեց նա:

Բարսեղյանն անդրադարձավ «Ազատություն» ռադիոկայանի եւ Araratnews-ի լրագրողների վրա բռնությունների դեպքերին: Նրա բնորոշմամբ, այս անգամ էլ գործերը կջրվեն եւ քրեական հետեւանք չեն ունենա:

«Տեխնիկական նորամուծությունները, օրինակ` օնլայն հեռարձակումը խափանված է, մինչդեռ միլիոնավոր եվրոներ են ծախսվել, ու 80%-անոց խափանում կա: Մերոնք հսկում են տեսախցիկները, բլից հարցումների արդյունքում պարզեցինք, որ հինգ տեղամասերից միայն մեկից է, որ հեռարձակում կա… Տարբեր լուրեր ենք ստանում, որ սարքը անջատել-միացնելուց հիշողությունը դատարկվում է: Մի բան էլ կա՝ հենց սկզբից էլ որոշված էր, որ իրենք համահայկական ցանց չեն ստեղծելու, որովհետեւ սրանք այն տեխնիկական նորամուծությունները չեն, որոնք կփրկենք ընտրական համակարգը, օրինակ՝ տեսահսկողությունը մենք ենք առաջարկել ենք որպես պետական պարտականություն, մինչդեռ իրենք դա պատվիրում են մասնավոր ընկերության, որպեսզի ազատվեն պատասխանատվությունից»,-համոզված է Լեւոն Բարսեղյանը:

Դիտարկմանը, թե դատախազությունը եւ ոստիկանությունը ընդամենը մի քանի տասնյակ խախտումներով են զբաղվում, քանի որ մի քանի տասնյակում են հանցակազմ տեսել, իսկ ՀՀԿ-ականներն ասել էին, որ ֆեյք ահազանգերով փորձ է արվում հեղինակազրկել ընտրական գործընթացը, Բարսեղյանը պատասխանեց. «Ես տպավորություն ունեմ, որ Հանրապետականները նյարդային վարք են դրսեւորում, ու հիմա էլ փորձում են պաշտպանվել: Փաստենք, որ ընտրությունները միայն քվեարկության օրը չեն, մինչեւ ընտրությունների օրը իշխանությունն իր համար ահագին բան է դասավորել՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, նոր մակարդակի հասցված անպատժելիություն եւ այլն: Նրանք այդպես էլ չպատասխանեցին, թե որն է ընտրակաշառքը՝ Ավետարանի վրա երդո՞ւմը… ՀՀԿ-ն ընտրապայքարի սկզբից եւ հիմա լուրջ առավելություն ունի մյուսների նկատմամբ, ու երեւի հիմա դուրները չեն գալիս իրենց հավաքած տոկոսները»,- կարծիք հայտնեց Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի համատարած լինելուն, բայց փաստերի բացակայությանը, Լեւոն Բարսեղյանը հիշեց Գյումրիում եղած մի դեպք, երբ կաշառատուն խոստովանել էր, թե ընտրակաշառք է, իսկ ավելի ուշ ասել էին, որ դա աշխատավարձ էր:

«Եթե Բաղրամյան 26-ը թույլ է տվել ընտրակաշառք բաժանել, չի կարող բռնել տալ, կթքեն երեսին, սա է այդ ամենի ակունքում: Օրինակ՝ Արմավիրում 6-7 տարի առաջ քաղաքապետի թեկնածուներից մեկը փող էր բաժանում, մեկը բռնեց ընտրակաշառքով-բանով մարդուն տարավ հանձնեց ոստիկանություն, հետո նրան մեղադրեցին մարդ առեւանգելու համար: Եվ եթե ես ընտրակաշառքի դեպք գտնեմ, ինձ էլ կտանեն-կփակեն: Իշխանություն ունեցողը դա պետք է անի, իսկ իշխանություն անողը, բնականաբար չի անի: Ուրիշ հարց է, որ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը չուզեցին հիմք ընդունել, որ ընտրակաշառքը անհաղթահարելի է, ու պետք է գտնել ճանապարհներ, որ ընտրողը չմնա ընտրակաշառքի գերի, չնայած դա աղքատ, ուծացված հասարակության մեջ դժվար է անել»,-ասում է Լեւոն Բարսեղյանը:

Ընտրությունների բարձր մասնակցությանն էլ անդրադարձ եղավ: Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ ռեյտինգային ընտրակարգը մեջտեղ գցելը նպատակ ունի՝ մոբիլիզացնում է ռեսուրսները, նրա խոսքով՝ տաշտի տակն անգամ քերում են:

Նա չի կարծում, թե հնարավոր է դատարանով արդարություն վերականգնել. «Որեւէ դատավոր որեւէ հայց չի բավարարի, կտան բերանները կջարդեն»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930