Այսօր դեպի Եռաբլուր պանթեոն մարդկանց մեծ հոսք կար: Նրանք գնացել էին հարգելու անցյալ տարի քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը:
Քառօրյա պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի ազգականներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Բագրատը հոր համար հպարտությունն էր, Բագրատը շատ գրագետ ու հասուն տղա էր. «Մեր Հայոց աշխարհում թող երբեք էլ պատերազմ չլինի, եթե լինի էլ, թող մեր ջահելներին չտանեն դեմն ու կռվացնեն: փորձված մարդիկ գնան կռիվ: Բագրատին 110 օր էր մնացել, զանգել էր ասում էր՝ հորքուր 110 օր ա մնացել: Ասեցի՝ էդքան հաշվեմ, ասաց՝ բան չի մնացել, շուտ կանցնի: Բա էդպես կարելի՞ է. 110 օր է մնացել, ու տանում են՝ սպանում են: Դա շատ սխալ բան է: Չգիտեմ: Իսկ ուղարկողներն ասում են՝ հերոս տղա: Մեզ պետք չէր հերոս տղա, մեզ պետք էր Բագրատը գար տուն՝ հոր ու մոր մոտ»:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ