«Գյուղապետն ու իր եղբայրը իսկապես պարտադրում են մարդկանց քվեարկել բացառապես Հանրապետականի օգտին, իսկ վստահված անձերին՝ ոստիկանների նկատմամբ, վտարել են ընտրատեղամասերից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզից «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Վարդան Բոստանջյանը:
Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը, եղբոր հետ, համայնքի բնակիչներին պարտադրում է քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Նա պարտադրել է բաց քվեարկություն կատարել:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ անձամբ է այցելել համայնք` մանրամասներին ծանոթանալու համար: Դեպքի առիթով թեկնածուն ահազանգել է ՄԻՊ գրասենյակին, ոստիկանությանը, միջազգային դիտորդներին, բայց դրանից ոչինչ չի փոխվել. «Նրանցից որևէ մեկը չկարողացավ այս իրավիճակը հօգուտ օրինականության լուծել»:
Ավելին, Վարդան Բոստանջյանն ասաց, որ Զորագյուղում նույնպես նույն ձեռագիրն է՝ մարդկանց պարտադրում են քվեարկել իշխող կուսակցության օգտին: Այստեղ սխեման փոքր-ինչ այլ է. «Ընտրողներին պարտադրում են քվեարկել ՀՀԿ օգտին, որից հետո միայն իրենց գրանցում են: Այսինքն, մարդկանց ասում են, որ եթե չապացուցեն, որ ՀՀԿ-ի օգտին են քվեարկել, գրանցման ընթացակարգը նրանք չեն անցնի»: Այս մասին ևս թեկնածուն բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացրել է:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքում, չեն աշխատում տեսախցիկներն ու նկարահանող սարքերը. «Գեղարքունիքում ընտրությունները ընթանում են համատարած խախտումներով»:
Հիշեցնենք, այս մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուներն են «Եվրոպա» շինանյութի խանութների ցանցի սեփականատիրոջ փեսան`Կարեն Բոթոյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանը եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ