«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդներն ու 38 շրջիկ խմբերն այսօր վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում եւ 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքներում:
Ժամը 14:00-ին հրավիրված մամուլի ասուլիսում նախաձեռնության անդամները ներկայացրին մինչեւ կեսօր արձանագրված խախտումները՝ գրանցող սարքերի խափանում, բաց քվեարկություն, ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում, վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձանց կողմից, ընտրողների ուղեկցում եւ ուղղորդում, մարդկանց եւ մեքենաների կուտակումներ, ընտրողին օգնելու կարգի խախտումներ, կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում, քվեաթերթիկ դուրս հանում/ներս բերում, անձը հաստատող փաստաթղթի եւ գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն, գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն, դիտորդների եւ վստահված անձանց իրավունքի խախտում եւ այլն:
Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ, ժամը 12:00-ի դրությամբ արձանագրվել էին տարբեր բնույթի 681 խախտումներ, այդ թվերը ճշտման փուլում են եւ վերջնական պատկերը լրատվամիջոցներին կներկայացվի ժամը 22:00-ին:
Ընդհանրացնելով այդ ընթացքում գրանցված խախտումների պատկերը՝ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ ներկայացվող տվյալներն ընտրությունների առաջին չորս ժամերին են վերաբերվում եւ շատ մեծ է այն ռիսկը, որ տեխնիկական նորամուծությունները ձախողված են:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանն էլ ընդգծեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում այն մասին, թե բաց, ուղղորդվող քվեարկություններ են տեղի ունենում: Հարցին, թե մինչեւ ընտրությունները սկսվելը արդեն կարծիքներ կային, որ ընտրակեղծիքներն ընտրատեղամասերից դուրս են եկել, բանախոսները պատասխանեցին, որ ընտրախախտումների քարտեզը ցույց է տալիս, թե դա այնքան էլ այդպես չէ, որ ընտրատեղամասերում շարունակվում են տեղի ունենալ խախտումներ եւ հարցն ամբողջովին լուծված չէ: Բայց նաեւ հավելեցին, թե այդ կարծիքը հիմնավորված չէ, քանի որ ընտրատեղամասից դուրս տեղի ունեցած ցանկացած խախտում իր արտացոլումն անպայման պետք է գտնի ընտրատեղամասում: Օրինակ, եթե տեղի է ունեցել ընտրակաշառքի դեպք, ապա ընտրակաշառք տվողը պետք է անպայման փորձի վերահսկել, թե արդյոք ընտրակաշառքը ծառայե՞լ է նպատակին: Նույնը՝ վարչական ռեսուրսի չարաշահման պարագայում:
Լեւոն Բարսեղյանն ընտրական այս համակարգը համեմատեց ջրմուղ ցանցի հետ: «Թույլ տվեք ընտրական համակարգը համեմատել ջրմուղ ցանցի հետ, որն ահագին փտած է: Երբ որեւէ խողովակ բարեխղճորեն նորոգում են, մյուս փտած խողովակները սկսում են ավելի արագ շարքից դուրս գալ: Որքան ընտրական պրոցեսի կամ քվեարկության որեւէ օղակի վրա վերահսկողական ճնշումը մեծանում է, մնացած տեղերում այլանդակությունն ավելանում է: Թվում էր, թե տեխնիկական նորամուծություններով պիտի որոշակի կանխարգելում տեղի ունենար: Բայց դժբախտաբար տեսնում ենք, որ այս նորամուծությունները խնդիրը չեն կարողանում լուծել», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ