Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «ՀՀԿ-ի վստահված անձինք ավելի ամբարտավան են. բացահայտ ուղղորդում են ընտրողներին, խումբ-խումբ մարդկանց են բերում»

Ապրիլ 02,2017 15:46

«Ելք» դաշինքից առաջադրած պատգամավորության վարկանիշային թեկնածու Արարատ Միրզոյանը, որն առաջադրվել է թիվ 3 ընտրատարածքում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանագրել են ուղղորդված ընտրություններ:

«Ի՞նչ է առանձնահատուկ, եւ այս անգամ ավելի լկտի ձեւով է արվում՝ ՀՀԿ-ի վստահված անձինք տեղամասերի ճնշող մեծամասնությամբ բացահայտ ուղղորդում են ընտրողներին եւ գրեթե բաց քվեարկություն է լինում: Այսինքն՝ մարդիկ հերթում կանգնած արդեն առանձնացնում են ՀՀԿ-ի քվեաթերթիկը եւ այդպես մոտենում քվեախցիկին: Հանձնաժողովների նախագահները տեսնում են դա, եւ որոշ դեպքերում փորձում են սաստել, որոշ դեպքերում սաստում են, բայց չի անցնում, որովհետեւ իրավիճակին տիրապետում են ՀՀԿ-ի վստահված անձինք: Սա համատարած է, երբ քվեարկության գաղտնիությունը խախտվում է»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Պարոն Միրզոյանի ներկայացմամբ՝ քաղաքացիները մինչեւ քվեախուց մոտենալը 9 քվերաթերթիկներից ՀՀԿ-ի թերթիկն առանձնացնում հետո են մոտենում խցին. «Այո, սա վերջնական քվեարկության արդյունք չէ, բայց հիմնականում տարեց մարդկանց դեպքում է նման բան նկատվում: Սրանից ենթադրում ենք, որ ուղղորդված ընտրություններն են՝ խումբ-խումբ բերում են, ու որպեսզի տեղում ժամանակ չկորցնեն՝ առանձնացնում են ՀՀԿ-ի թերթիկը: Իսկ ՀՀԿ-ի վստահված անձինք չեն փորձում մնալ օրենքի սահմաններում կամ զգուշանալ այլ վստահված անձանցից, դիտորդներից ու լրագրողներից, նրանք ավելի ամբարտավան կեցվածքով են»:

Միրզոյանի խոսքերով՝ եղել են դեպքեր, երբ ընտրատեղամասերում տեսախցիկները չեն աշխատել, կամ դրված են եղել քվեախցերի վրա, եւ երեւացել է քվեարկությունը. «Մեր վստահված անձանց հաջողվել է շտկել իրավիճակը տեղամասում»:

Պարոն Միրզոյանը նաեւ ասաց, որ տարբեր տեղամասերից ահազանգեր են ստանում գունավոր գրիչների մասին՝ կարմիր-կանաչ գրիչների:

«Ելքից» թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Գեւորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 5/17 ընտրատեղամասում իրենց վստահված անձը նկատել է, թե ինչպես են դրսում ՀՀԿ-ի օգտին մարդկանց ուղղորդում. «Մոտեցել է որպեսզի նկարի՝ հեռախոսը վերցրել ու կոտրել են, հիմա ոստիկանությունում ցուցմունք է տալիս: Որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահն անձամբ էր ուղղորդում մարդկանց. սրանք նկարահանել ենք, արձանագրություն է կազմվել: Ամենուրեք մարդկանց կուտակումներ են, խումբ-խումբ մարդկանց են բերում, որպեսզի ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Այսինքն՝ ՀՀԿ-ի բեյջով անձինք շատ մեծ քանակությամբ մարդկանց են բերում: Բերում են նաեւ այնպիսիներին, որոնք ուղեկցողի կարիք ունեն, այսինքն՝ տատիկ-պապիկներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930