21-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում, իսկ հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, թե բացատրում է, բայց մարդիկ չեն հասկանում, և ինքը ոչինչ չի կարող անել այս դեպքում:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն տեղամասում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին:
Կարդացեք նաև
«Ես այդ պահին տեղամասում չեմ եղել. օրենքն արգելում է նույն կազմակերպությունից երկու դիտորդի ներկայությունը տեղամասում, հետևաբար, երբ ես եկել եմ այդ տեղամաս, մյուս դիտորդի համար ելք է գրանցվել ու իր փոխարեն ես եմ մտել, ապա, իմ հեռանալուց հետո, ինքը նորից փորձել է գրանցվել և շարունակել իր դիտորդական առաքելությունը, սակայն նրան մերժել են, հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, թե դիտորդները արդեն չափից դուրս շատ են, ու ծեծելով դուրս են արել իրեն»,-մեզ հետ զրույցում հավելեց Լիանա Հովհաննիսյանը:
Փորձեցինք պարզաբանում ստանալ 21-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Խանում Ղազարյանից, ով նշեց, թե դիտորդի՝ ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն չունեն, իսկ խմբակային քվեարկությունների առնչությամբ հավելեց, թե ստացվել է նման ահազանգ, գնացել են այդ ընտրատեղամաս, և ամեն ինչ շտկվել է. այժմ ամեն բան ընթանում է նորմալ:
Առաջիկայում կփորձենք միջադեպից հավելյալ մանրամասներ ներկայացնել: