Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել է բռնության 2 դեպք լրագրողների նկատմամբ (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 14:31

«Այդ հասցեն կարծես դարձել է մի վայր, որտեղ «ավանդաբար» լրագրողների աշխատանքն են խոչընդոտում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Ազատության» թղթակցի վրա հարձակման մասին:

Այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել«Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը, որը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ, իսկ դուրս գալիս նրանցից մի քանիսի ձեռքին գումար է նկատել ու թղթակիցը նույնպես մտել է շտաբ: Շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ եւ թղթակիցը աչքի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել:

Հիշեցնենք նաեւ, որ հենց այս շտաբում 2013-ի թվականի ընտրությունների ժամանակ կրկին հարձակում է տեղի է ունեցել լրագրողի վրա

Պարոն Մելիքյանը հիշեցնելով նախորդ ընտրությունների դեպքերը, ասաց, որ նույնը կրկնվում է այս ընտրությունների ժամանակ. «Սա հետեւանք է այն բանի, որ նախորդ անգամ մեղավորները չպատժվեցին, եւ անպատժելիությունը նոր նույնանման դեպքերի կրկնման հիմք է»:

Պարոն Մելիքյանի խոսքերով՝ կոմիտեն եւս մեկ դեպք է արձանագրել. Araratnews.am-ի թղթակից Շողիկ Գալստյանը եւ օրվա սկզբին բռնության է ենթարկվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:

Նշվածի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Հ. Հ. Գ.  ԱԺ վարկանիշային պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է.

 «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք.

շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:  Իսկ նշված քաշքշուկը եղել  է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:

Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որևէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930