Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում «լայնամասշտաբ ընտրախախտումների պատրանք չստեղծել» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 13:26

Թիվ 9/35 ընտրատեղամասում քվեարկելու եկած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նաեւ ՀՀԿ ցուցակում է, հարցին, թե քարոզարշավն ինչպե՞ս է գնահատում, ինչ խնդիրներ եղան, պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում. «Բնականաբար, եղել են որոշ դրվագներ, որոնք ցանկալի է, որ չլինեին, իհարկե, այսօր չեմ բարձրաձայնի այդ մասին, առիթներ ունեցել եմ խոսելու, բայց կարծում եմ, օրենքի շրջանակներում է քարոզարշավը տեղի ունեցել եւ ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել, ընդհանուր, ամբողջ գործընթացը, չեն եղել»:
Aravot.am-ի հարցին, թե նախընտրական շրջանում այդքան միջադեպեր եղան, մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոց, արդյոք դրանք ուշադրության արժանի, ակնառու դեպքե՞ր չէին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե ուշադրության արժանի էին եւ դրա հետ կապված, բնականաբար, արձագանքներ եղել են, եղել են նաեւ իրավապահ մարմինների արձագանքը, միջադեպի մասնակիցներն իրենք էլ են բացատրություններ տվել, մի դեպքում դա եղել է նախընտրական լարվածություն, մյուս դեպում, իրենց մեկնաբանմամբ, որոշակի անձնական խնդիրներ: Այս պահի դրությամբ, դրանցից յուրաքանչյուրին արձագանք եղել է: Կարեւորն այն է, որ որեւէ հարց անարձագանք չի մնացել, որեւէ պարզաբանում տրվել է, այլ հարց, որ կարող է այդ պարզաբանումը որեւէ մեկին դուր գալ կամ դուր չգալ»:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քվեարկեց հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հայաստանի վաղվա օրը Արփինե Հովհաննիսյանը պատկերացնում է առաջընթաց ապրող անվտանգ եւ ապահով:

Հարցին, թե ՀՀԿ-ն այդ պահի դրությամբ ինչպիսի՞ ահազանգեր է ստացել ընտրախախտումների մասին, արդարադատության նախարարը պատասխանեց, որ իրենց շտաբի ահազանգերից տեղյակ չէ եւ որ մամուլից, որոշ ահազանգերի մասին կարդացել է, որոնք հնչեցրել են այլ կուսակցություններ:

Այդ ահազանգերը համապատասխանո՞ւմ են իրականությանը թե ոչ, նախարարը տեղեկություն չուներ: Արփինե Հովհաննիսյանը հորդորեց մյուս քաղաքական ուժերին էլ «լայնամասշտաբ ընտրախախտումների պատրանք չստեղծել»:

Նրա խոսքով. «Եթե կա որեւէ խնդիր, դրան անպայման, արձագանք լինելու է` հաշվի առնելով բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ բարձր թիվը»:

Այն տեղամասում, որտեղ քվեարկեց արդարադատության նախարարը, դուրս գալիս դռան վերևում փակցված էր «Ելք» գրությունը, ինչը միանգամից ասոցացվում էր «Ելք» դաշինքի հետ: Մինչդեռ ընտրության օրը ընտրատեղամասում ու դրա տարածքում որեւէ քաղաքական ուժի ցանկացած գովազդ արգելված է:

Ընտրատեղամասը գտնվում էր մանկապարտեզի շենքում, ուստի պատերին փակցված ցուցումները, որոնք քաղաքացիներին ծանոթացնում էին ընտրության կարգի հետ, սահուն անցում էին կատարում` ինչպես լինել մաքրասեր կամ գրիպի դեպքում ինչպես պաշտպանվել:


Այս ընտրատեղամասի նախագահը ժամանակ առ ժամանակ ավելորդ թերթիկների տուփից քվեաթերթիկները հավաքում էր լցնում պարկի մեջ: Դրանք մինչ ԿԸՀ տեղափոխելը հանգրվանել էին հանձնաժողովի նախագահի կողքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930