Ազգային ժողովի ընտրություններից մեկ օր առաջ շուրջ չորս ժամով արգելափակվել էին «Թիվթեր» միկրոբլոգային հարթակի հայկական սեգմենտի մի շարք առանցքային օգտատերեր:
Փակվել էին, մասնավորապես, «Հետք» պարբերականի, «Սիվիլնեթ» TV-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի հաշվեհամարները: Կեսգիշերին մոտ դրանք վերականգնվեցին:
«Ընտրությունների ամենաթեժ պրոցեսում թվիթերյան հաշվից զրկվելն անսովոր է ու անդուր: Ես քվեարկության օրը ու հետընտրական պրոցեսների ժամանակ ակտիվ օգտագործում եմ Թվիթերը տեղեկատվություն փոխանցելու ու քննարկումների համար», – «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում նշել է Գեղամ Վարդանյանը: – «Բարեբախտաբար ընկերների օգնությամբ, խորհուրդներով ու աջակցությամբ հնարավոր եղավ ապաարգելափակել հաշիվները», – հավելել է նա:
Ուշագրավ է, որ արգելափակումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ռուսական անուն-ազգանուններով թվիթերյան բազմաթիվ օգտատերեր (հնարավոր է՝ բոտեր) սկսել էին ՍՊԱՄ գրառումներ կատարել հայաստանյան ընտրությունները համակարգելու նպատակով օգտագործվող #armvote17 հեշթեգով՝ տարածելով կեղծ նամակ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի անունից, իբրև թե ուղղված հայաստանյան հասարակական կազմակերպություններին և կոչ անելով աջակցել ընդդիմությանը: Թվիթերի հայկական սեգմենտի օգտատերերի դիտարկումներով՝ վերոհիշյալ հայ օգտատերերի հետ միաժամանակ արգելափակվել էին #armvote17 հեշթեգում ակտիվություն դրսևորած վերոհիշյալ ՍՊԱՄ անող օգտատերերը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում