Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը «ֆեյք» ահազանգերի միտում է տեսնում «որոշ շրջանակների կողմից»

Ապրիլ 02,2017 13:08

Իշխող Հանրապետական կուսակցությունում նորմալ են գնահատում խորհրդարանական ընտրությունների մեկնարկը եւ ընթացքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ շտաբում, ի դեպ, այսօր օրվա ընթացքում պարբերաբար ճեպազրույցներ կկազմակերպվեն, որոնց ընթացքում ՀՀԿ-ի տարբեր գործիչները կպատասխանեն լրագրողների հարցերին եւ կգնահատեն ընտրությունների ընթացքը:

Արմեն Աշոտյանն ասում, որ մինչ այս պահը որեւէ լուրջ խախտում չի եղել: ՀՀԿ-ում ըմբռնումով են մոտենում նաեւ տեղամասերում առաջացած տեխնիկական խնդիրներին, քանի որ քաղաքական առումով տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացվում: Ուստի Արմեն Աշոտյանը նորմալ է համարում, որ տասնյակ հազարներով սարքերից մի քանի տասնյակը չաշխատեն: Նա թվային տվյալներ է բերում`մինչ այժմ տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիր 30 տեղամասում է եղել: Դա կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր թվի 1,5 տոկոսը: Փաստում է`դա չի կարող ստվերել ընտրությունների նորմալ ընթացքը:

Մինչ ընտրությունների մասին դիտարկումներ հայտնելը ՀՀԿ փոխնախագահն ասաց`այսօր խնկարկում ենք քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը: Նա կարծում է, որ մեր հերոս տղաների հիշատակը կարող ենք հարգել`բարձր մակարդակով կազմակերպելով ընտրությունները եւ վստահ նայելով ապագային:

Արմեն Աշոտյանը հայտարարեց նաեւ`որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում է տեսնում. «Սա պլանավորած ռազմավարություն է: Դաշինքներից մեկը դեռ գիշերն էր ահասարսուռ ահազանգ ներկայացրել Գեղարքունիքից: Ոստիկանությունը արագ բացահայտեց»:

ՀՀԿ-ում չեն հերքում, կան նաեւ ոչ միջանձնային միջադեպեր: ՀՀԿ փոխնախագահն ասում է` դրանք եզակի են: Նա օրինակ բերեց նաեւ այն, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ մատնահետքի նույնականացման հարցում խնդիր ունեցավ:

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Առցանց հեռարձակման բացակայության մասով հնչած ահազանգերի մասին էլ իշխող ուժի ներկայացուցիչը պարզաբանում է` շարքային օգտատերերի համար համակարգը հասանելի չէ: Հույս ունի, որ մինչեւ օրվա ավարտը շարքային օգտատերերը հնարավորություն կունենան համակարգին միանալու: Բայց կուսակցությունների եւ դաշինքների մասով որեւէ խնդիր չկա:

Արմեն Աշոտյանը հորդոր ունի որոշ քաղաքական ուժերին. խոսքն այն ուժերի մասին է, որոնք, իր կարծիքով, ի սկզբանե գիտեին, որ օլիմպիական սկզբունքով են մտել ընտրապայքար: Հորդորը հետեւյալն է` պահպանել այդ սկզբունքը:

Նա ասաց, որ ՀՀԿ-ի շանսերը բարձր է գնահատում: Պատասխանելով հարցին էլ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ընթացքում օգտագործելով պետական ռեսուրսը գնում էր մարզեր եւ քարոզչություն իրականացնում իշխող ուժի օգտին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, դա փոխառնված է արեւմտյան փորձից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930